«Հայաստանում նաև քաղաքական կորոնավիրուս է տարածվում», - այսպես արձագանքեց վարչապետը՝ այսօրվա ճեպազրույցում՝ պատասխանելով Դաշնակցության քննադատությանը, թե պետք է պատասխանատվության կանչվեն համավարակի դեմ պայքարը ձախողած բոլոր պաշտոնյաները՝ սկսած հիմնական պատասխանատու Նիկոլ Փաշինյանից:
«Դաշնակցության համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետև Դաշնակցության ներկայացուցիչները այդ նույն հռետորիկայով և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թվականի ամռանը, երբ ընդամենը 1-2 ամիս էր անցել կառավարության ձևավորումից: Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, որն ի տարբերություն առողջապահական կորոնավիրուսի, իմ կարծիքով, կբերի բոլոր այդպիսի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահվան, դա իմ համոզմունքն է: Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերն ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական- հասարակական կյանքից, որովհետև իրենք, ըստ էության, այսօր այս օրերին, իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ այսօր Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհի ամենազարգացած երկրներից մի քանի անգամ ավելի լավ ցուցանիշներ ունի:
«Մահացության ցուցանիշը՝ 1 միլիոն բնակչությանը ընկնող մահացության և բազմաթիվ այլ ցուցանիշներ: Ես ինչ-որ չեմ տեսնում, որ աշխարհի այլ զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետությունում: Բայց եթե պատերազմական տրամաբանությամբ ենք խոսում, և մարդիկ ուզում են կառավարության գործողությունները դիտարկել պատերազմական տրամաբանության շրջանակում, եկեք դիտարկենք պատերազմական տրամաբանության շրջանակներում: Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների հետ, իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում սխալ տեղեկատվություն տարածողների հետ, իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում հրամանատարի դեմ պատերազմի ժամանակ խոսողների հետ, նրանց դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասխան: Մենք, բնականաբար, այդպիսի քաղաքականություն չենք վարում, որովհետև մենք ժողովրդավարական երկիր ենք», - հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Ավելին, վարչապետի խոսքով, ժողովրդավարությունը օգտակար է անգամ համավարակի այս շրջանում․ «Որովհետև որոշակի շրջանակներ ամբողջությամբ և բացահայտ կերպով ի ցույց են դնում իրենց էությունը, և ես որևէ կասկած չունեմ, որ այդ էությունը ցուցադրածները նետվելու են Հայաստանի պատմության աղբանոցը: Իրենք արդեն այդ աղբանոցում են, պարզապես հիմա տեղի է ունենում այդ աղբանոցի վրա շատ ամուր կափարիչ դնելու պրոցեսը: Դա չի անում, փառք Աստծու, կառավարությունը, որովհետև կառավարությունն այդպիսի նպատակադրում և մտադրություն չունի, դա անում են իրենք, այդ ուժերը, և, իհարկե, դա անում է հանրությունը իր հստակ, աներկբա և աներեր վերաբերմունքով»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս համաճարակի դեմ պայքարում փորձերի, սխալների վրա սովորելը հատուկ է բոլոր պետություններին: Իսկ արդյունքները հնարավոր կլինի ամփոփել միայն, երբ համավարակն ավարտված կլինի:
«Այն ժամանակ մենք թուղթ ու գրիչը կվերցնենք և համեմատություններ կիրականացնենք, մեր իրավիճակը կարձանագրենք և կտեսնենք, թե ով ինչ է ձեռք բերել, ով ինչ է կորցրել, ով ինչպես է կառավարել համավարակը», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ հերթական անգամ, ի պատասխան քաղաքական խոսքի և հարցադրումների, Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվում են փողոցային բառապաշարով գնահատականներ և արտահայտություններ:
Այո՛, Դաշնակցության մոտեցումների և սկզբունքների մեջ բան չի փոխվել:
Մենք շարունակելու ենք պայքարել թե՛ քաղաքական, թե՛ իրական կորոնավիրուս տարածողների դեմ»:
«Ինչ վերաբերում է քաղաքական աղբանոցում հայտնվելուն, ապա ակնհայտ է, որ այս հարցում խորապես մտահոգվելու պատճառ ունի հենց օրվա իշխանությունը», - նաև նշել է Սաղաթելյանը:
Օրերս պահանջելով խորհրդարանի հատուկ նիստ հրավիրել, փաստելով կառավարության ձախողումն ու անկարողությունը, Դաշնակցությունը իշխանությանը զգուշացրել էր, թե իրենք են իրավիճակի հետագա վատթարացման միակ մեղավորն ու պատասխանատուն՝ բոլոր հնարավոր հետևանքներով: