Նիդերլանդներում վերսկսվում են Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող օդային տարածքում «Մալայզիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման գործով դատական լսումները, որոնք հետաձգվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասում Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող օդանավի կործանման հետևանքով զոհվել է 298 մարդ, որոնցից 195-ը՝ Նիդերլանդների քաղաքացիներ:
Աղետը հետաքննել են Նիդերլանդների Անվտանգության հարցերով խորհուրդը և Միացյալ քննչական խումբը՝ Նիդերլանդների ղեկավարությամբ: Քննչական խմբի վարկածի համաձայն՝ օդանավը խոցած զենքը ներկրված է Ռուսաստանից: Հրթիռն արձակվել է Ուկրաինայի արևելքի անջատականների կողմից վերահսկվող տարածքից:
«Մալայզիական ավիաուղիներ»-ի «Բոինգ»-ի կործանումը համարվում է աշխարհի ամենաողբերգական ավիաաղետը, 10 խոշոր ավիավթարներից մեկը, խոշորագույնը՝ 21-րդ դարի ընթացքում և հետխորհրդային տարածքում: