Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենին հանձնարարել է զբաղվել զանգվածային միջոցառումների կազմակերպիչներով: Այդ մասին պետության ղեկավարը հայտնում է Ֆեյսբուքում գրառմամբ:
Վարչապետին տեսանյութ են ուղարկել, որտեղ ենթադրաբար հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում է:
«Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։
Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։
ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով», - գրում է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ այսօր առավոտյան հրապարակված տվյալներով՝ անցած մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի աննախադեպ մեծ թիվ՝ 517, գրանցվել է նաև հիվանդությունից մահվան դեպքերի թվի հակառեկորդ՝ 19: Կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը Հայաստանում անցել է 10 հազարը, մահացածների թիվը հասավ 158-ի, կորոնավիրուսով վարակված ևս 56 մարդ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսով են վարակված նաև Հայաստանի վարչապետն ու նրա ընտանիքը: