Գլխավոր դատախազությունը Պետեկամուտների կոմիտե (ՊԵԿ) է ուղարկել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործը, որը հարուցել էր Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):
ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ։
Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության, 2007-2012թթ.-ին ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գործարարից պահանջել է չվերակառուցել և չշահագործել սրճարանը, որի շինթույլտվությունը գործարարն ունեցել է:
Նյութերի նախապատրաստման հիմք է հանդիսացել «ՀԻՆ ԷՐԻՎԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ մասնակից Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ իրեն պատկանող ընկերությանը տրվել է համապատասխան շինարարության թույլտվություն՝ 2 տարվա ընթացքում կառուցել Օպերայի և բալետի ազգային թատրոնի այգու` Թումանյան փողոցին հարող 564 քմ տարածքում գործող «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ այն շահագործելու համար: Ընկերությունը 2008թ.-ին նախաձեռնել է սրճարանի վերակառուցման աշխատանքները, բայց ըստ հաղորդագրության` Միքայել Մինասյանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, Մանվել Տեր-Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել սրճարանը` ընկերությանը փաստացի զրկելով վարձակալած տարածքն իր նշանակությամբ օգտագործելու օրինական իրավունքից, որի հետևանքով ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից և 2007-2014թթ.-ի ընթացքում կրել մոտ 2 մլրդ դրամի վնաս:
ՀՔԾ-ում վերջերս քրեական գործ է հարուցել նաև Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանի տեսաուղերձի հիման վրա։ «Ազատությանը» տեղեկացրել էին, որ գործը հարուցվել է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու հոդվածով։