Կառավարությունն այսօր հաստատեց պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը և բուհերի 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը:
«Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության պայմաններում բուհերի ընդունելության գործընթացի կազմակերպելու նպատակով: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել ընդունելության դիմում հայտերի ընդունման առցանց գործընթաց և ընդունելության քննությունների ընթացքում պահպանել ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված սանիտարահիգիենիկ կանոնները: Որոշմամբ առաջարկվում է բուհերում ընդունելությունն իրականացնել մեկ ընդունելության քննության արդյունքների հիման վրա, հաշվի առնելով նաև այն փաստը, որ դիմորդները նախօրոք տեղյակ են եղել, թե ինչ քննություններ պետք է հանձնեն, և պատրաստվել են հանձնել ընդունելության 2 կամ 3 քննություն», - ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Ընտրվել են այն քննությունները, որոնք, կախված մասնագիտության առանձնահատկությունից, առավել անհրաժեշտ են տվյալ մասնագիտությամբ սովորելու համար: Այն մասնագիտությունների հետ կապված, որտեղ ընդունելության համար դիմորդի հայեցողությամբ նախատեսված են եղել կամընտրական առարկաների քննություններ, կրկին թողնվել է դիմորդի հայեցողությանը՝ իր ցանկությամբ ընտրելու մեկ քննություն:
Դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը Գնահատման և թեստավորման կենտրոն պետք է ուղարկեն էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը:
Ինչպես նշեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, քննությունները տեղի կունենան հուլիսի 1-ից մինչև հուլիսի 8-ը։ Նախարարի խոսքով՝ այնպես են արել, որ գործընթացը զորակոչին նույնպես չխանգարի, ու զորակոչիկները կարողանան մասնակցել քննություններին։