Մատչելիության հղումներ

Թորոսյան. Կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ լուրեր տարածողների տվյալները ստիպված ենք լինելու փոխանցել իրավապահ մարմիններին


Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Այս փաստը, ինչպես նշել է նախարարը, անհանգստացնող է այն տեսանկյունից, որ մարդիկ կարող են կորցնել իրենց զգոնությունը հիվանդության նկատմամբ։

«Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում այս ամենը կարող է նպաստել ավելի շատ դեպքեր ունենալուն։

«Մեզ հաստատ չիպավորելու են», «Այդպիսի հիվանդություն չկա», «Մեզ չի կպնի», «Համաշխարհային բլեֆ է», «Ամեն ինչ սուտ է», «Դրսից ֆինանսավորում ստանալու համար է» և նմանատիպ այլ արտահայտությունների կարող եք հանդիպել անհատ օգտատերերի գրառումներում, ովքեր նաև «կարծիք են» թողնում լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերի մեկնաբանություններում: Նման կարծիքները նաև լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ների կողմից»,- գրել է Թորոսյանը:

Վերջինս շեշտել է, որ եթե այս միտումը շարունակվի, ստիպված են լինելու կեղծ և չհիմնավորված այսպիսի լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին՝ նախ հասկանալու համար, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և ինչ շարժառիթ ունեն վնասելու քաղաքացիներին։

«Հաշվի առնելով վերջին օրերի վիճակագրությունը՝ մեր հայրենակիցներին հորդորում ենք ավելի ուշադիր լինել, հետևել բոլոր ցուցումներին՝ կանգնեցնելու հիվանդության տարածման տեմպը, ինչպես նաև կոչ ենք անում, որպես հավաստի տեղեկատվության աղբյուր հետևել պաշտոնական լրահոսին»,- նշել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG