Մատչելիության հղումներ

Ադրբեջանում վերջին շրջանում իշխանությունները սկսել են ձերբակալել յուրային չինովնիկներին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, 13-ը մայիսի, 2020թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, 13-ը մայիսի, 2020թ.

Ադրբեջանի իշխանությունները վերջին շրջանում սկսել են բռնել յուրայիններին: Պետական տարբեր գերատեսչություններում ստուգումներ են կատարվում, ձերբակալվում են չինովնիկներ, պաշտոնյաներ: Երկրի բարձրագույն իշխանությունը հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Պետական անվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազությունը երեկ համատեղ ստուգումներ են անցկացրել պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության գերատեսչությունում:

Գործողությունից հետո հաղորդվել է, որ պաշտոնատար անձանց առնչվող քրեական գործ է հարուցվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Վերջերս ձերբակալվել են Ադրբեջանի հինգ շրջանների ղեկավարներ: Նրանք բոլորն իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության անդամներ են:

Խորհրդարանի փոխխոսնակ Ադիլ Ալիևը օրերս հոդված է հրապարակել` գրելով, որ «լկտիացած այդ չինովնիկները յուրացրել են նույնիսկ անապահով խավերին հատկացված ֆինանսական ու պարենային օգնությունը», և նշել, որ նման չինովնիկներին բացահայտելն ու օրենքի առաջ պատասխանատվության ենթարկելը շարունակվելու է: Նա նշել է, որ կոռումպացված չինովնիկների անօրինականությունները դատարաններն օրինականացնում են, և պատահական չէ, որ վերջերս բարեփոխումներ են սկսվել նաև դատական համակարգում:

Կոռուպցիոն մեղադրանքներով ձերբակալություններ են կատարվել նաև Մշակույթի նախարարությունում: Գրելով այս մասին` խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ Ադրբեջանը համակարգված պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, ու դրանում թող ոչ մեկը չկասկածի, բոլոր կոռումպացված չինովնիկները պատասխանատվության են ենթարկվելու:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ պետական անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ գործողությունները գրեթե ամենօրյա են դարձել, ու հանրությունը սկսում է գուշակել, թե որտեղ կբռնեն հերթական կոռուպցիոներին:

Ընդհանրապես տարիներով շատ բողոքներ, հրապարակումներ են եղել չինովնիկների, ներառյալ` գործադիր մարմինների ու կառավարման համակարգի պաշտոնյաների կոռուպցիայի մասին, բայց Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը միշտ աչք է փակել դրա վրա, ու հիմա ադրբեջանական հանրության մոտ հարցեր են առաջանում` արդյո՞ք իշխանությունները լուրջ պայքար են սկսել կոռուպցիայի դեմ, թե՞ ուրիշ խնդիրներ են լուծվում, գրում է «Թուրան» գործակալությունը: Վերջինիս հետ հարցազրույցում քաղաքագետ Առաստուն Օրուջլուն ասել է, որ համակարգված ու արդյունավետ գործողություններ չի տեսնում:

Նա նշել է, որ առաջին հերթին հետաքրքիր են ձերբակալությունների պատճառները: Կորոնավիրուսի համավարակն ու նավթի գնի անկումն այլ իրավիճակ են ստեղծել, քան ամիսներ առաջ էր, ու նրա խոսքով` իշխանություններն ինչ-որ սպառնալիքների վտանգներ են զգում և կարծում են, որ ձերբակալություններով, բռնաճնշումներով վախի մթնոլորտ կստեղծեն` կանխելով հնարավոր դժգոհությունները:

«Եթե կառավարությունը կարծում է, որ դրանով կշեղի ուշադրությունը սոցիալ-տնտեսական ճգնաժամից, ապա չեմ պատկերացնում, որ նման արդյունքի հնարավոր է հասնել»,- նշել է նա: Առաստուն Օրուջլուի կարծիքով` ավելի նպատակային ու ճիշտ կլինի բոլոր ռեսուրսներն ու ուժերը կենտրոնացնել այսօրվա վիճակում ամբողջությամբ կանգնած տնտեսությունը վերագործարկելու վրա, ինչը կարող է որոշ չափով մեղմել սոցիալ-տնտեսական վերահաս ճգնաժամը: «Իսկ ճգնաժամը ոչ միայն հռետորական, այլև կոնկրետ հարցեր է առաջացնում` իսկ հաց կլինի՞, ու այստեղ կարող է միայն մեկ պատասխան լինել` այո կամ ոչ: Հետագա իրադարձությունների ընթացքը կախված կլինի միայն այդ հարցի պատասխանից»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ դժգոհել է` ասելով, թե յուրաքանչյուր քայլը հանցագործություն է, կաշառակերություն, և հայտարարել, որ դրա վերջը պետք է տրվի: «Անարդարությունը խարխլում է մարդկանց վստահությունը` ստեղծելով մեծ խնդիրներ, ուստի բոլոր ոլորտներում պետք է արդարություն հաստատվի»,- հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանը շարունակում է կորցրած տարածքների ղեկավարներ նշանակել, ու Ալիևը այդ հայտարարությունները արել է Քելբաջարի շրջանի նորանշանակ ղեկավարի հետ տեսակապի ընթացքում: Ավելի ճիշտ վիրտուալ ընդունելություն է կազմակերպվել, պարզ է` Ալիևը խոսել է Քելբաջարի շրջանից, որի կորստյան մեջ մեղադրել է ընդդիմադիր Ազգային ճակատին ու Մուսաֆաթին: Բայց նա անդրադարձել է նաև Ադրբեջանի կոռուպցիոն երևույթներին: Այս տարի երկիրը նախատեսում է ներքին տեղահանվածներին 8 հազար բնակարան հատկացնե,լ ու Ալիևը դժգոհել է, որ նախկինում տեղահանվածների ցուցակները ճշգրիտ չեն կազմվել:

«Վերջերս ինձ հայտնեցին, որ այդպիսի շենքերից մեկի բնակիչների 20 տոկոսը ներքին տեղահանվածներ չեն: Ինչպե՞ս են նրանք այնտեղ ընկել, ո՞վ է նրանց գրանցել և այնտեղ բնակեցրել: Դա արել են պետական մարմիններն ինչ-որ բանի դիմաց»,- համոզված ասել է Ալիևը հերթական կոռուպցիոն երևույթի մասին:

Ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Գիյաս Իբրահիմովի կարծիքով` ձերբակալություններն ու կորոնավիրուսի կարանտինի հետ կապված բոլոր մանիպուլյացիաները իշխանություններն անում են ժողովրդի ուշադրությունուը շեղելու նպատակով, որպեսզի կանխեն հանրային վրդովմունքի պոռթկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG