Մատչելիության հղումներ

Կրեմլը համոզված է, որ ճիշտ է գործում, քանի որ մահացության մակարդակը երկրում համեմատաբար ցածր է


Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում դարձյալ արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան տասը հազար նոր դեպք:

Վարակվածների ընդհանուր թիվը երկրում ավելի քան 240 հազար է, այս ցուցանիշով Ռուսաստանը աշխարհում այլևս երկրորդ տեղում է, Միացյալ Նահանգներից հետո՝ առաջ անցնելով համաճարակից ամենաշատը տուժած Իսպանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից:

Ընդ որում, վերջին օրվա վիճակագրությունը՝ 10028 նոր դեպքերը, նվազագույն ցուցանիշն է վերջին տասն օրվա ընթացքում: Այդուհանդերձ, տասնմեկ օր անընդմեջ օրական վարակակիրների թիվը չի նվազում տասը հազարից:

Ռուսաստանում կորոնավիրուսի էպիկենտրոնը Մոսկվան է, որտեղ արձանագրվում է հիվանդացության դեպքերի կեսից ավելին։ Վարակը հասել է ռուսաստանյան գրեթե բոլոր շրջանները՝ բացառությամբ երկուսի, որտեղ որևէ հաստատված դեպք առ այսօր չկա:

Չնայած համաճարակի մտահոգիչ վիճակագրությանը՝ ռուսաստանյան շրջանները պատրաստվում են կարանտինային սահմանափակումների թուլացմանը։ Որոշ տեղերում թույլատրել են զբոսնել և սպորտով զբաղվել, մյուս վայրերում՝ սաունա հաճախել: Թեև թե՛ երկրի իշխանությունները և՛ թե մասնագետները շեշտում են, որ համաճարակի տարածումը դեռ չի հասել գագաթնակետին:

Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, որտեղ իրավիճակը ամենածանրն է, դեռ կշարունակեն պահպանել խիստ ռեժիմը:

«Մինչև մայիսի 31-ը մնում ենք անցագրային ռեժիմում, այդ անհրաժեշտությունը մինչև օրս արդարացրել է իրեն», - հայտարարել է Մոսկվայի օրենսդիր մարմնի ղեկավար Ալեքսեյ Շապոշնիկովը՝ հավելելով, որ մայիսի վերջին ըստ իրավիճակի կանցնեն այսպես կոչված մեղմացման առաջին փուլին, որը ենթադրում է բաց տարածքներում մարզանքի, զբոսնելու թույլտվություն, առևտրի ոլորտի վերաբացում:

Մոսկվայում արդեն երկրորդ օրն է, որ գործում է պաշտպանիչ դիմակներ կրելու ռեժիմը, սակայն, ինչպես նշում են տեղական լրջատվամիջոցները՝ վկայակոչելով մշտադիտարկման պաշտոնական արդյունքները, մեգապոլիսի բնակչության մեկ երրորդը թե՛ հանրային տրանսպորտում, թե՛ խանութներում կամ փակ տարածքներում չի հետևում այդ պահանջին:

Մոսկովյան իշխանությունները նախապես հայտարարել են, թե առայժմ չեն տուգանի կարգազանցներին, կբավարարվեն նախագուշացումներով:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը դիմել է օրենսդիրներին՝ առաջարկելով մինչև ինքնամեկուսացման ռեժիմի ավարտը բարձրացնել ալկոհոլի վաճառքի համար սահմանված տարիքային շեմը: Գերատեսչությունը պնդում է, որ ինքնամեկուսացման ռեժիմում ռուսաստանցիները ավելի հաճախ են սկսել մահանալ ալկոհոլի հետեւանքով:

Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքերով, նախընտրելի է վաճառքի համար սահմանված տարիքային շեմը տասնութից բարձրացնել քսանմեկի․ - «Մահացության հարցով մեր օպերատիվ մշտադիտարկումը վկայում է, որ այս ժամանակահատվածում ալկոհոլի հետևանքով մահերի ցուցանիշը կտրուկ աճել է»։

Աշխարհում վարակի ցուցանիշներով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանի իշխանությունները կորոնավիրուսի նոր դեպքերի հսկայական ծավալները բացատրում են թեստերի քանակի ավելացմամբ: Քանի որ մահվան ցուցանիշը երկրում համեմատաբար ցածր է՝ 2212, Կրեմլը համոզված է, որ ճիշտ է գործում:

Նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված մահճակալների թիվը 29 հազարից հասցրել են 130 հազարի: Պուտինը նաև վստահեցրել է, որ վեց շաբաթ առաջ հայտարարված սահմանափակումները հնարավորություն են ընձեռել ժամանակ շահելու և իրավիճակը վերահսկելի դարձնելու։

Ռուսաստանյան իշխանությունները նույն վստահությամբ խոսում էին նաև առողջապահական համակարգի հագեցվածության մասին, անխնա նվիրատվություններ են ուղարկում Հռոմից մինչև Վաշինգտոն: Բարեգործական այդ տուփերում Ամերիկա էին հասել նաև ռուսաստանյան արտադրության արհեստական շնչառության սարքավորումները, որոնք անցած օրերին հրդեհի պատճառ էին դարձել մոսկովյան ու սանկտպետերբուրգյան հիվանդանոցներում՝ խլելով հինգ մարդու կյանք, այդ թվում՝ կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում հայտնված հիվանդների:

Այժմ Միացյալ Նահանգները վերադարձնում է ռուսաստանյան արտադրության այդ սարքավորումները, որոնց հետագա ճակատագիրը կախված կլինի Ռուսաստանի կառավարության կողմից անցկացվող հետաքննության արդյունքներից։

XS
SM
MD
LG