Համաճարակը աշխարհով մեկ շարունակում է սրընթաց տարածվել՝ կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասցնելով 4 միլիոն 200 հազարի, զոհերի թիվը՝ 284 հազարի:
Վարակակիրների ամենամեծ թիվը բաժին է հասնում Եվրոպային, որտեղ շաբաթներ տևած հակահամաճարակային կոշտ սահմանափակումներից հետո տասնյակ երկրներ թուլացնում են կարանտինային միջոցառումները:
Այսօրվանից ֆրանսիացիներին թույլատրվել է կրկին անարգել փողոց դուրս գալ, վերաբացված ռեստորանները, խանութները, ծովափը Իսպանիայում հասանելի է բնակչության կեսին:
Վարակակիրների ցուցանիշով Իսպանիան Եվրոպայում առաջին երկիրն է, իսկ աշխարհում՝ երկրորդը։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ սահմանափակումների թուլացումը հատկապես խոշոր քաղաքներում, կարող է վարակի բռնկման նոր ալիքի հանգեցնել, ինչպես, օրինակ, Գերմանիայում: Սահմանափակումների թուլացումից մի քանի օր անց այդ երկրում վարակակիրների թվի կտրուկ աճ է արձանագրվել:
Գերմանիան վարակվածների թվով աշխարհում յոթերորդ երկիրն է՝ մոտ 170 հազար վարակակիր, մահացել է ավելի քան 7500 մարդ։ Երկրի լրատվամիջոցների փոխանցմամբ, վարակի նոր օջախ է հայտնաբերվել գերմանական մսի գործարաններից մեկի ավելի քան 200 աշխատակիցների մոտ։ Այդուհանդերձ Գերմանիայում շարունակում են փուլ առ փուլ թուլացնել սահմանափակումները՝ բացելով խանութները, ռեստորանները։
Սոցիալական շփման սահմանափակումները այսօրվանից թուլացվում են նաև Շվեյցարիայում։ Նիդերլանդներում վերաբացվում են դպրոցների մի մասը, մանկապարտեզները, գեղեցկության սրահները, գրադարանները։
Նորվեգիայում դպրոց կվերադառնան նաև բարձր դասարանների աշակերտները։ Ֆինլանդիայում դպրոցները կվերսկսեն աշխատանքը մայիսի 14-ից։ Սերբիայում դպրոց կհաճախեն աշխատող ծնողների երեխաները:
Դանիայում, Հունաստանում, բացի խանութներից, բացվում են նաև առևտի կենտրոնները։ Հունական իշխանությունները թույլատրել են աշխատավայրեր վերադառնալ նաև աշխատողների մեկ երրորդին, իսկ դպրոցներ՝ ավարտական դասարանների աշակերտներին:
Չեխիայում վերաբացվում են թանգարանները, կինոթատրոնները, համերգասրահները՝ դահլիճում առավելագույնը հարյուր հոգու ներկայության պայմանով։ Պաշտոնական Պրահան չեղարկել է նաև Չեխիայի բնակիչների արտերկիր մեկնելու արգելքը:
Բալթյան երկրները բացում են ընդհանուր սահմանները, Սլովենիայում՝ հյուրանոցների մի մասը, Խորվաթիայում՝ միայն բացօթյա սրճարանները, դպրոցներն ու մանկապարտեզները:
Համաճարակից ամենաշատը տուժած երկրներից Իտալիայում չորս ու կես միլիոն մարդ մոտ ութ շաբաթ տևած մեկուսացումից հետո վերադարձել է աշխատավայր։ Իշխանությունները աստիճանաբար թուլացնում են սահմանափակումները՝ բացելով խանութներն ու ռեստորանները:
Կորոնավիրուսի մահացության ցուցանիշով Եվրոպայում առաջարը համարվող Մեծ Բրիտանիայում իշխանությունները չեղարկել են որոշ արգելքներ: Մայիսի 13-ից կթույլատրվի դրսում մարզվել, զբոսայգիներ այցելել, ավտոմեքենաներով ուղևորվել այլ բնակավայրեր։ Ըստ վարչապետ Բորիս Ջոնսոնի, այսօրվանից արդյունաբերության և շինարարության ոլորտներում ներգրավվածներին «ակտիվորեն խրախուսելու են վերադառնալ աշխատանքի»: Անցած մեկ օրվա ընթացքում Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 269 հոգի․ սա ամենացածր ցուցանիշն է մարտի 29-ից ի վեր: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 31 հազար 855-ի։
Աշխարհի մի շարք երկրներում, որտեղ ավելի վաղ թուլացրել էին կարանտինային սահմանափակումները, վերջին օրերին ահազանգում են վարակի նոր օջախների բռնկման մասին: Հարավային Կորեայի իշխանությունները ստիպված են եղել կրկին փակել բարերն ու ռեստորանները, հետաձգել երկրի հանրակրթական դպրոցների վերաբացումը, որը պլանավորված էր մայիսի 13-ին: Համաճարակի բռնկման նոր օջախ է դարձել մայրաքաղաք Սեուլում գտնվող գիշերային ակումբներից մեկը, որի հաճախորդներից 86-ի մոտ նախորդ շաբաթ կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը շարունակում է մնալ ԱՄՆ-ում՝ մոտ 1 միլիոն 370 հազար մարդ, մահվան դեպքերի թիվը երկրում շուրջ 80 հազար է:
Ամերիկյան իշխանությունները հայտնում են Կորոնավիրուսի «միանգամայն նոր զարգացումների մասին»: Նյու Յորքում կորոնավիրուսով վարակված երեք երեխաների մահը ստիպել է երկրի համաճարակաբաններին վերանայել նախկինում արած ենթադրությունները, թե երեխաները վարակվելու դեպքոււմ աննշան ախտանիշներ են ունենում: Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ ավելի քան ութ տասնյակ երեխաներ հոսպիտացվել են ծանր վիճակում՝ անոթների բորբոքային հիվանդություններին բնորոշ ախտանիշներով։ Այժմ փորձում են պարզել այդ երեխաների մոտ վարակի առկայությունը: