Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին


Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, նաև Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը այսօր դատարանում էին և իրենց անձնական երաշխավորությունները ներկայացրեցին Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու համար։

Նախկին վարչապետները նշել էին, որ Քոչարյանը ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ և չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց։

Նրանց երաշխավորագրերն ընթերցեց դատավոր Աննա Դանիբեկյանը։

Թե՛ տուժողների փաստաբանները, թե՛ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները կասկածի տակ դրեցին երաշխավորների հեղինակությունը։

Տուժողների փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց․ - «Դրանք մարդիկ են, որոնց վերաբերյալ հանրային ընկալումները և դիրքորոշումները շատ տարբեր են, հիմնականում՝ բացասական․․․»

Նրանք ընդհատեց Քոչարյանի փաստաբանական թիմից Արամ Վարդևանյանը՝ պնդելով, թե երաշխավորություն ներկայացրած վարչապետների ավանդն անգնահատելի է։

Հաջորդած վիճաբանությունը միացավ նաև Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը․ - «Երեքն էլ գող ու ավազակներ են․․․․»

Բացի նախկին վարչապետների միջնորդությունից, երկու միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։ Դրանցից մեկը իրենց պաշտպանյալի առողջական վիճակը հաշվի առնելով խափանման միջոցը փոխելու, մյուսը՝ գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին։

Ռոբերտ Քոչարյան նույնպես մտահոգված էր իր առողջությամբ, հատկապես այս համաճարակային պայմաններում․ - «Հիմա ես խցում մենակ եմ։ Իմ ցանկությամբ եմ մենակ։ Բայց շփումը անձնակազմի հետ, իհարկե, կա։ Ուղղակի հնարավոր չի դա անել և հնարավոր չի այն շենքային պայմաններում հեռավորություն պահպանել․․․ նեղ միջանցներով»։

Այսօր նույնպես դատարանի բակում հավաքել էին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։ Այնտեղ էր նաև նրա որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Ազատության» հետ զրույցում դիտարկմանը, որ տուժող կողմը պնդում է, որ ազատության մեջ գտնվելով, երկրորդ նախագահը կարող է ազդել գործընթացի վրա, Լևոն Քոչարյանն արձագանքեց - «Ինչ-որ ապացույց կա՞ դրա։ Բազմիցս խոսացել ենք, որ հայրս, լինելով այս ամբողջ պրոցեսի ընթացքում գրեթե հինգ ամիս ազատության մեջ, ոչ մի բան չի արել, չի փորձել, նպատակ չի ունեցել, մի բան էլ երկրից դուրս ա էղել ու հետ ա վերադարձել։ Իմիջիայլոց, հիմա շատ են խոսում այն մարդկանց մասին, ովքեր չեն վերադառնում։ Ասում են՝ եթե ճիշտ լինեին, հետ կգային։ Էդ մարդիկ էլ, ես ենթադրում եմ, որ տեսնելով հորս հետ ինչ ա կատարվում, լսելով վարչապետի, ԱԱԾ պետի, ՀՔԾ պետի խոսակցությունները, որտեղ դատավորին ուղիղ հրահանգներ ա գնում, թե ինչ անեն, հորս ազատ արձակած դատավորի նկատմամբ էդ քրեական գործերը, ամբողջ դատարանները շրջափակելը․․․ կամ նույն Արմեն Դանիելյանի պահվածքը դատարանում, նույն Աննա Դանիբեկյանի էս անհեթեթ որոշումները։ Էս ամեն ինչը տեսնելով մարդ կուզենա՞ վերադառնա երկիր, էս կարգի արդարադատության հետ բախվի»։

Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 9 անձանց իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը պատահական չի համարում, թե ինչու են հիմա հենց դատարան ներկայանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաները․ - «Կան նաև տեղեկություններ, որ այս մարդիկ ոչ թե ներկայացել են որպես երաշխավոր, այլ իրենց ներկայացրել են․․․»։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ։ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և գործող նախագահ Բակո Սահակյանը, որը ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարել էր, սակայն Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ավելի ուշ՝ հունիսի 25-ին բեկանել էր Գրիգորյանի որոշումը, և Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG