Մատչելիության հղումներ

Գուրգեն Խաչատրյան. Նպատակահարմար չեմ գտնում ներգրավվել այս պրոցեսներին ու կալանավորի կարգավիճակ ձեռք բերել


«Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն, ում այսօր կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարությամբ է հանդես եկել:

«Իրավական գնահատականով, ինձ առաջադրված մեղադրանքը պետության կողմից ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն։ Բարոյական գնահատական չեմ հնչեցնի. մարդիկ տեսնում ու վերլուծում են ամեն ինչ։ Արձանագրելով այս գործընթացների խիստ անօրինականությունը, քննչական մարմնի և դատարանների որոշումների ուղղորդված լինելը, նպատակահարմար չեմ գտնում ներգրավվել այդ պրոցեսներին ու կալանավորի կարգավիճակ ձեռք բերել՝ ինքս էլ նպաստելով այդ անօրինականությունների զարգացմանը»,- շեշտել է նա։

Ըստ Գուրգեն Խաչատրյանի` այսօր օրակարգում «բիզնեսի կազմաքանդումն է` առանց դրա սոցիալական ու տնտեսական հետևանքները հաշվի առնելու», և ինքն այդ օրակարգում անելիք չունի։

Նա նաև ընդգծել է` «Յուքոմը» ինստիտուցիոնալ ու հզոր կառույց է, չկա որևէ գործոն, որ կխաթարի ընկերության ամրությունը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը` կալանավորել Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին:

Ապրիլի 30-ին Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, ըստ որի` «Յուքոմի» հիմնական սեփականատերերից մեկը հանդիսացող՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը փոփոխվել է, և ավելացվել է նորը, փաստաբանների բնութագրմամբ, որևէ քննադատության չդիմացող դրվագով: Ըստ նոր մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանը աջակցել է կաշառք ստանալուն։ Նրան կալանավորման միջնորդություն էր ներկայացվել:

Երեմ Սարգսյանը «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր, որ քրեական գործն առնչվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին։ Վերջինս ապրիլի 25-ին 2 ամսով կալանավորվել էր՝ կաշառք տալու և փողերի լվացման մեղադրանքով, նրա գործը ևս քննում է ԱԱԾ-ն։ Սեդրակ Առուստամյանի մեղադրանքը 2011 թվականին կատարված գործողությունների մասին է։

XS
SM
MD
LG