Վերջին օրերին հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5 տոկոսի սահմաններում, Ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է: Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար», - նշել է նախարարը:
Թորոսյանը նշել է, որ պետք է շարունակել պահպանել հեռավորությունը միմյանց միջև, ձեռքերը հաճախ ախտահանել, փակել բերանը դիմակով, երբ հնարավոր է, և հավելել է. «Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսևորենք վարակի տարածումը կանխարգելելու համար»:
«Սահմանափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա վարակվելու և վարակելու ուրիշներին, հատկապես մեր տարեց և քրոնիկական հիվանդություններով հարազատներին, մեր հայրերին և մայրերին, մեր տատիկներին և պապիկներին», - նշել է Արսեն Թորոսյանը:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 59-ով՝ հասնելով 1867-ի: Ապաքինվել է 866 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 30-ի: