Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն շարունակում է պնդել, որ տնտեսությունը չկանգնեցնելու իր որոշումը ճիշտ է


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթօրյակի է մասնակցում Լյասկովիչի գյուղում, 25-ը ապրիլի, 2020թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթօրյակի է մասնակցում Լյասկովիչի գյուղում, 25-ը ապրիլի, 2020թ.

Բելառուսն այն եզակի երկրներից է, որտեղ կորոնավիրուսի համաճարակի պատճառով կարանտին չի հայտարարվել և չեն փակվել սահմանները։ Այդ երկրի նախագահը կորոնավիրուսի համաճարակը կոչում է «կորոնափսիխոզ»։

Երեկ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է. - «Մենք չենք ժխտում, որ երկրում կա կորոնավիրուսի վարակ, չենք ժխտում, որ մարդիկ են հիվանդանում: Եթե պետք լինի, կարանտին կհայտարարենք, մարդկանց կմեկուսացնենք, պարետային ժամ կհայտարարենք, սակայն դա մեզ պետք չէ, եթե ես նման բան անեմ, մարդիկ ինձ վրա կհարձակվեն»։

Լուկաշենկոն պնդում է, որ տնտեսությունը չկանգնեցնելու ճիշտ որոշում է կայացրել: «Համաճարակից հետո կլինի աշխարհի վերաձևավորում Միացյալ Նահանգների, Չինաստանի, գուցեև Ռուսաստանի կողմից, թեև դժվար, Ռուսաստանը ինքը կմասնատվի, բայց կարող է և վախենան Ռուսաստան մտնել՝ միջուկային զենք ունի։ Իսկ մենք՝ Բելառուսը, ո՞ւր ենք մենք լինելու՝ պետք է մտածել այս մասին», - բելառուսցի գյուղացիների հետ հանդիպմանը կիրակի օրն անկեղծացել է այդ երկրի անփոփոխ ղեկավարը։

Բելառուսում, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսով վարակման 11 հազար 289 դեպք է գրանցվել, 75 մարդ մահացել է վարակից։ Բելառուսցիները համացանցում գրում են, այդուհանդերձ, որ այս տվյալներին չեն հավատում, քանի որ քչերին են թեստավորում։

Կարանտինային ռեժիմից հրաժարվելը Բելառուսի իշխանությունների չի խանգարում համաճարակի դեմ պայքարի համար միջազգային կառույցների հետ 2,5 միլիարդ դոլարի վարկի շուրջ բանակցություններ վարել: Մինսկն ակնկալում է այդքան գումար ստանալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները հաղթահարելու համար: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Բելառուսի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյը բելառուսական ОНТ հեռուստաալիքի եթերում։

Թեև Բելառուսում կյանքը համաճարակային այս ժամանակաշրջանում ընթանում է առանց լուրջ սահմանափակումների, նախագահն էլ ակտիվորեն շփվում է թե՛ պաշտոնյաների, թե՛ բնակչության հետ, որոշ փոփոխություններ համաճարակը երկրի ներքաղաքական կյանքում մտցրել է: Մինչև օգոստոսի 30-ն այստեղ պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ: Լուկաշենկոն մտադիր է հերթական անգամ մասնակցել այդ ընտրություններին և հաղթել, ինչի մասին հայտարարել է երեկ: Նրա ընդդիմադիրները, մինչդեռ, համաճարակային այս պայմաններում ակտիվ արշավ չեն կարող ծավալել, իսկ պետական հեռուստաեթերները նրանց համար մեծամասամբ փակ են: Քաղաքագետներն այս կապակցությամբ կարծում են, որ ամռանը կայանալիք նախագահական ընտրություններին Լուկաշենկոն փաստացի հակառակորդ չի ունենալու, և նրա հաղթանակը կարելի է հեշտությամբ կանխատեսել։

Ինքը Լուկաշենկոն կիրակի օրը հայտարարել է, որ ընտրությունները տեղի կունենան ամռանը՝ Սահմանադրության համաձայն, և համաճարակը դրանց չի կարող խանգարել։

XS
SM
MD
LG