Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի, մեղմման միջոցառումների և հետագա անելիքների վերաբերյալ։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է՝ նշվել է, որ այսօրվա դրությամբ շահառուներին հասանելի սոցիալական և տնտեսական օժանդակության ընդհանուր ծավալը կազմել է 43,4 մլրդ դրամ: Դեռևս ընթացքի մեջ գտնվող ծրագրերով այս պահի դրությամբ արձանագրվել են հետևյալ ցուցանիշները՝ 1-ին միջոցառում՝ 264 բավարարված հայտ, տրամադրված աջակցության ծավալ՝ 19,5 մլրդ դրամ, 2-րդ միջոցառում՝ 3887 բավարարված հայտ, 5,2 մլրդ դրամ, 3-րդ միջոցառում՝ 430 բավարարված հայտ, 4,8 մլրդ դրամ, 5-րդ միջոցառում՝ 11 296 շահառու, 1,8 մլրդ դրամ, 8-րդ միջոցառում՝ 86 522 շահառու, 6 մլրդ դրամ, 9-րդ միջոցառում՝ 72 403 շահառու, 1,9 մլրդ դրամ, 10-րդ միջոցառում՝ 2365 շահառու, 141,7 մլն դրամ։ Նշվել է, որ այս ծրագրերով շահառուների նույնականացման և օժանդակության տրամադրման գործընթացը շարունակվում է։
13-րդ և 14-րդ միջոցառումները կատարման փուլում են, նախատեսված ֆինանսական աջակցությունը կտրամադրվի հաջորդ շաբաթվա ընթացքում։
Ավարտված են 4-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ և 12-րդ ծրագրերը, ցուցանիշները հետևյալն են. 4-րդ միջոցառում՝ 2093 շահառու, աջակցության ծավալ՝ 209.3 մլն դրամ, 6-րդ միջոցառում՝ 6723 շահառու, 457 մլն դրամ, 7-րդ միջոցառում՝ 8751 շահառու, 875 մլն դրամ, 11-րդ միջոցառում՝ 450 827 շահառու, 786 մլն դրամ, 12-րդ միջոցառում՝ 486 434 շահառու, 1.8 մլրդ դրամ։
Քննարկվել են մի շարք առաջարկներ, այդ թվում՝ շահառուների խոցելի խմբերի նույնականացման չափանիշների և կատեգորիաների առնչությամբ։
Անդրադարձ է եղել աշխարհում տեղի ունեցող գործընթացների տրամաբանության ներքո Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին, հնարավորություններին և ոլորտային առաջնահերթություններին։ Այս համատեքստում արծարծվել են սոցիալական և տնտեսական օժանդակության շրջանակին և գործիքակազմին առնչվող հարցեր։