Մատչելիության հղումներ

Ցեղասպանության ճանաչումը համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց. Նիկոլ Փաշինյան


«Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց», - հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ուղերձով հանդես գալով Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից:

«Որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր, ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ծանրագույն հանցագործություններից մարդկությանը պաշտպանելու՝ պետությունների պատասխանատվության վերահաստատման օր», - շեշտեց Փաշինյանը:

«Այսօր՝ 2020 թվականի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է:

Օսմանյան Թուրքիայի երկար տարիների հայատյաց քաղաքականությունը 1915 թվականին երիտթուրքերի կառավարության օրոք հասավ գագաթնակետին: Տարիներ տևած և պետական որոշմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանը ամբողջությամբ հայաթափվեց: Մեկուկես միլիոն մեր հայրենակիցներ սպանվեցին, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական՝ զրկվելով իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից:

Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի հետևանքով հայ ժողովուրդը ոչ միայն ահռելի մարդկային կորուստներ կրեց, այլև ենթարկվեց հայրենազրկման և մշակութային ջարդի:

Անդառնալի էին մեր ժողովրդի հոգևոր և կրոնական ժառանգության կորուստները, հսկայական էին նրա նյութական վնասները», - ասաց Հայաստանի ղեկավարը:

«Օսմանյան կայսրության իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ինքնության, այլև ողջ մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն էր: Իսկ 1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ այս ողջ գործընթացի ամենաուժեղ խորհրդանիշը, որովհետև այդ օրը հարյուրավոր հայ մտավորականներ, կրոնական ու քաղաքական գործիչներ երիտթուրքերի կառավարության հրամանով ձերբակալվեցին, աքսորվեցին, սպանվեցին կամ անհետ կորան», - շեշտեց Փաշինյանը:

«Արդեն 55 տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը», - նշեց վարչապետը: - «Այսօր մեր ժողովրդի զավակները աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերին»:

«Այսօր Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են աշխարհի 30 երկրներ, և մենք երախտապարտ ենք բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին, հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին, ճանաչում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը», - հայտարարեց Փաշինյանը:

«Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները: Առայսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում», - ընդգծեց վարչապետը:

Նշելով, որ «ապրիլի 24-ը մեր ազգի և ժողովրդի անցյալի և ապագայի մասին մտածելու ամենապարտադրող առիթն է, ինքնաճանաչման, մեր ուժերի և անելիքների գնահատման ամենահարմար պահը», Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Ո՞րը պետք է լինի, ուրեմն, ապրիլի 24-ից մեր հետևությունը.

Առաջինը՝ 1915 թվականին երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել, բոլոր ուժերը նետվել են այդ դատավճռի ի կատար ածմանը, մեկուկես միլիոն հայի նկատմամբ այդ դատավճիռը ի կատար է ածվել, բայց հայ ժողովրդի նկատմամբ ի կատար ածել չի հաջողվել: Մեկուկես միլիոն մեր սրբադասված նահատակները, ըստ այդմ, ավելի են ուժեղացրել ապրելու, արարելու, հզորանալու, հիշելու և պահանջելու մեր կամքը, և հայ ժողովուրդը հաղթել է մահվանը:

Երկրորդ և նույնքան կարևոր հետևությունը հետևյալն է՝ նախորդ դարասկզբին մեր ժողովրդին նետված մարտահրավերները այսօր էլ գոյություն ունեն, և այդ մարտահրավերներից ոչ թե մազապուրծ լինելու, այլ դրան արդյունավետ կերպով դիմակայելու միակ միջոցն ու գործիքը ուժեղ պետականությունն է, հզոր պետությունը, այնպիսի Հայաստանը, որը պատրաստ է դիմակայել անվտանգության բոլոր սպառնալիքներին»:

«Այո, մենք չպետք է ջանք խնայենք տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, բոլոր տարաձայնություններն ու հակամարտությունները փոխադարձ հարգանքի հիման վրա, բանակցային գործընթացներով, խաղաղ միջոցներով լուծելու համար: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը:

Այո, մենք չպետք է ջանք խնայենք, որ մեր դաշնակիցների հետ մեր հարաբերությունները խորանան, դառնան ավելի ինստիտուցիոնալ և հուսալի, աշխարհում մեր դաշնակիցների թիվը շատանա: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը:

Իսկ ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետություն ունենալու համար մեզ հարկավոր է ունենալ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ, դինամիկ զարգացող բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ռազմարդյունաբերական կայացած համալիր, հզոր բանակ և հատուկ ծառայություններ, իսկ այսպիսի արդյունքի հասնել հնարավոր է միայն համահայկական ներուժի համախմբմամբ: Համահայկական ներուժի Հայաստանի պետականության շուրջ համախմբման միջոցով, այնպիսի համախմբման միջոցով, որը կդառնա մեր պետականության գիտական, դիվանագիտական, տնտեսական առաջընթացի խթան ու երաշխավոր:

Այս գործնական խնդիրը լուծելու համար մենք պետք է կարողանանք ձևակերպել մեր ազգային հայեցակարգը, մեր ազգային գաղափարախոսությունը, տեսլականը, որը համազգային համաձայնություն կձևավորի մեր ազգային արժեքների, ազգային նպատակների և ազգային ռազմավարության շուրջ, որը մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու, զարգացնելու, ժամանակակից աշխարհի և առավել ևս վաղվա աշխարհի պայմաններում է՛լ ավելի կենսունակ ու մրցունակ դարձնելու երաշխիքներ կստեղծի:

Առաջիկայում հենց այսպիսի հայեցակարգի և ռազմավարության նախագիծ կներկայացնեմ համահայկական քննարկման», - ասաց պետության ղեկավարը:

Փաշինյանը նաև նշեց, որ «այս տարի ապրիլի 24-ը մենք դիմավորում ենք բացառիկ պայմաններում». - «Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը բոլորիս դրել է աներևակայելի մի իրավիճակում, երբ 55 տարի շարունակ տեղի ունեցող ապրիլքսանչորսյան երթը՝ հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ՝ պիտի տեղի չունենա, որովհետև դա համաճարակային ընթացիկ լարված իրավիճակը չվատթարացնելու պարտադիր և անխուսափելի պայման է»:

Շնորհակալություն հայտնելով բոլոր հայրենակիցներին Կառավարության այս որոշմանը ըմբռնումով վերաբերվելու համար, վարչապետն ընդգծեց. - «Բայց ճգնաժամային այս իրավիճակում մենք փորձել ենք գտնել ապրիլքսանչորսյան հիշատակի միջոցառումներին նույնիսկ ավելի մեծ մասշտաբ և ընդգրկում հաղորդելու հնարավորություն, և այս տարի միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր հատվածներից ապրիլքսանչորսյան երթին մասնակցելու հնարավորություն կունենան, որովհետև այս տարի երթը տեղի կունենա վիրտուալ տարածքում»:

«Ապրիլի 24-ը երկար տարիներ մեր ազգային միասնության, համախմբման, կարգապահության խորհրդանիշ է եղել և այսօր այս խորհրդանիշը պետք է արտահայտվի շատ ավելի ուժեղ, լինի շատ ավելի տեսանելի և համոզված եմ՝ այդպես էլ կլինի:

Եվ ուրեմն, կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե Արցախի Հանրապետությունը,

Կեցցե հայկական Սփյուռքը,

Եվ կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում:

Հիշում ենք և պահանջում», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:

XS
SM
MD
LG