Մատչելիության հղումներ

«Գլորիայի» աշխատակիցները, չենթարկվելով ոստիկաններին, այսօր սկսեցին աշխատանքը


Լուսանկարում «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը (ձախից) և ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը (աջից)
Լուսանկարում «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը (ձախից) և ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը (աջից)

Այսօր ոստիկաններին չհաջողվեց տուն ուղարկել Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի ավելի քան 2000 աշխատակիցներին, որոնք մեկ ամսվա հարկադիր պարապուրդից հետո աշխատանքի էին եկել առանց պարետի թույլտվության.- «Մենք էլ ուզում ենք աշխատել, ոչ մի ծրագիր էլ մեզ չի հասնում... Մենք տուն չենք գնալու»,- ասում էին նրանք:

Մի քանի աշխատակիցների նկատմամբ առնվազն 100 հազար դրամի տուգանք ենթադրող վարչական արձանագրություն կազմելուց և ոմանց ոստիկանության բաժին տանելուց հետո անգամ կանայք տեղի չտվեցին։ Հարյուրավոր աշխատակիցներ դուրս եկան իրենց արտադրամասերից և ոստիկաններին հարկադրեցին հեռանալ ֆաբրիկայի տարածքից։ Հեռանալիս ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն «Ազատությանն» ասաց.- «Մենք կանանց դեմ ուրիշ ի՞նչ կարող ենք անել, հորդորեցինք, որ վաղը գոնե չգան, մնացածը կերևա»:

Մինչ այդ «Գլորիայի» աշխատակիցները նշում էին, որ մեկ ամիս շարունակ նստելով տանը` պետության աջակցության որևէ ծրագրից չեն օգտվել։ Փաստեր էին բերում, թե ունեն լուրջ սոցիալական խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել առանց աշխատանքի.- «Եթե պարետն էսօր համաձայնվում ա, որ տա մեր լրիվ աշխատավարձը, գնում ենք, տանը նստում ենք, բայց եթե չէ, մենք ուզում ենք աշխատենք, կարո՞ղ է գնանք, հաց մուրանք»:

«Էս մարդիկ ո՞նց պիտի ապրեն, իրանց երեխանց ո՞նց պիտի պահեն, դե թող կառավարությունը օգնի, խի՞ չեն օգնում որ, մենք մեր կամքով ենք եկել, մեզ ոչ մեկը չի ստիպել»,- նշում է կանանցից մեկը: Մյուսն էլ հավելում է.- «Ութ անձից կազմված է իմ ընտանիքը, եթե ես չաշխատեմ, ո՞վ ա պահելու իմ տունը, չորս անչափահաս երեխա ունեմ: Գոնե մեր աշխատավարձի կեսը տան, մենք նստենք տանը, նենց չի, որ մենք մեր տներից զզված ենք: Հիվանդ ամուսին ունեմ, էսօր մի ամիս ա` նա դեղ չունի, ես մի ամիս ա` տանը նստած եմ, ո՞ւմ մտքով անցավ` ես կարամ դեղ առնեմ, թե չէ...»:

Մի քանի օր առաջ ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն «Ազատությանն» ասել էր, որ աշխատակիցներին չի վճարելու հարկադիր պարապուրդի դիմաց և ստիպված կլինի նրանց ժամանակավորապես ազատել աշխատանքից։ Նշել էր, որ ֆաբրիկան չի վերաբացի, անգամ եթե կառավարությունը տեքստիլ արտադրությունը վերսկսելու մասին որոշում կայացնի, ինչը չէր բացառել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործարարն «Ազատության» հետ զրույցում պնդել էր, թե պարետատան պահանջների մի մասը հնարավոր չի լինի ապահովել արտադրության ընթացքում։ Մինչդեռ, այսօր առանց կառավարության թույլտվության արտադրամասերի դռները բացվել էին աշխատակիցների առաջ։ Ընդ որում, նրանք աշխատանքի էին եկել «Գլորիային» պատկանող ավտոբուսներով։

Ֆաբրիկայի ղեկավարը, սակայն, պնդում էր, որ իր կամքից անկախ են բանվորները եկել, և որ աշխատանքը դադարեցնելու իր հորդորները ևս չեն լսում.- «Ես հորդորում եմ` ժողովո՛ւրդ, տուն գնացեք, չեմ թողնում աշխատել, տուն գնացեք»:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը «Գլորիայի» ղեկավարի հորդորներն անվանեց դերասանություն:

Նշենք, որոշ աշխատակիցներ չտեսագրվելու պայմանով ասում էին, որ իրենց կանչել են աշխատանքի։ Բանվորուհիներից մեկն այդ մասին ասաց նաև ոստիկանին, որն իր նկատմամբ տուգանքի մասին արձանագրություն կազմեց.- «Խի՞ պիտի ես տուգանվեմ, եթե ինձ աշխատանքի են կանչել, ես ինչո՞վ եմ պատասխանատու դրանում»:

Ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն «Ազատությանն» ասաց՝ չորս օր առաջ կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել։ Գործարարներին հորդորել են դիմում գրել, եթե ցանկանում են վերսկսել արտադրությունը։ Գլորիայի սեփականատերը գրել է այդ դիմումը։ Մինչ օրս պատասխան չի ստացել։ Այսօր առավոտյան ոստիկանները վարչական տուգանքի մասին արձանագրություն են կազմել նաև ֆաբրիկայի սեփականատիրոջ նկատմամբ։

XS
SM
MD
LG