Մատչելիության հղումներ

ՊԵԿ նախագահը վստահեցնում է` աշխատակիցներին չգրանցելու դեպքերը կուսումնասիրեն


«Ցանկացած ստվերային էլեմենտ վնաս է հասցնում տնտեսությանը»,- «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Օգտատերերից մեկի հարցին, թե «կարանտինի պայմաններում պարզվեց, որ Հայաստանում կան բավականին չգրանցված աշխատողներ, խոսքը միայն օրավարձով աշխատողների մասին չէ, ստվերի դեմ պայքարում Ձեր կառույցի աշխատանքները Ձեզ բավարարո՞ւմ են», Դավիթ Անանյանը պատասխանեց.- «Այն պահին, երբ որ մենք բավարարված լինենք մեր կատարված աշխատանքով, դա կնշանակի, որ մենք ռեգրեսի մեջ ենք, հետևաբար ոչ մի պարագայում և ոչ մի դեպքում մենք չպետք է բավարարված լինենք մեր աշխատանքով, անկախ նրանից, թե ինչպիսի արդյունքներ ենք մենք գրանցում: Ո՛չ, մենք մեր արդյունքներով այդքան էլ բավարարված չենք»:

Մեկ այլ հարցի, թե շատ գործատուներ ավելի բարձր աշխատավարձ են վճարում իրենց աշխատակիցներին, սակայն ցածր աշխատավարձով են գրանցում, ՊԵԿ նախագահն արձագանքեց, որ կառույցը նմանատիպ խախտումները բացահայտում է համապատասխան հանձնարարագրերի հիման վրա ստուգողական գործառույթներ իրականացնելու դեպքում՝ «ուսումնասիրություններ և ստուգումներ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ շատ քաղաքացիներ չեն կարողանում օգտվել կառավարության հակաճգնաժամային ծրագրերից, քանի որ գործատուների անպատասխանատու վերաբերմունքի արդյունքում գրանցված չեն: Հարցին` կուսումնասիրե՞ն նման դեպքերը, Դավիթ Անանյանն արձագանքեց, որ այնքանով, ինչքանով որ կունենան տեղեկատվություն, իսկ այդպիսի տեղեկատվություն ամեն օր ստանում են. - «Տարբեր քաղաքացիներ դիմում են մեզ: Անպատասխանատու վերաբերմունքը չէի ասի, որ միակողմանի է՝ միայն գործատուի կողմից, դրանք երկկողմանի հարաբերություններ են, և անկախ նրանից, թե անպատասխանատու լինելու աստիճանը մեծ է, թե փոքր, փոխհարաբերությունների երկու կողմն էլ ունեն իրենց «մեղքի բաժինը»:

Նա հավելեց` դիմումների պարագայում համապատասխան հսկողական միջոցառում են իրականացնում, վարույթ են հարուցում ու դրա շրջանակում պարզում են ներկայացված տեղեկատվության ճշտությունն ու իսկությունը, և եթե պարզվում է, որ գործատուն չի գրանցել աշխատակցին, պատասխանատվության միջոցներ են կիրառում:

Անանյանն ընդգծեց` այստեղ նաև անելիք ունի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, այս մարմնի կողմից նման փաստ արձանագրվելու դեպքում ՊԵԿ-ն ապահովում է հայտարարված եկամտի օրենքով սահմանված եկամտահարկի պետական բյուջե գանձելու պրոցեսը:

ՊԵԿ նախագահը շեշտեց` չգրանցված աշխատողները ևս պետք է օգնեն ստվերի դեմ պայքարում.- «Չգրանցված աշխատողները պետք է իրենց իրավունքները պաշտպանելու համար մարտնչելու հետ մեկտեղ նաև նայեն արդարության տեսանկյունից»:

Օգտատերերի հարցերին, թե ճգնաժամի սկսվելուց պարզվեց, որ կան ահռելի թվով չգրանցված աշխատողներ, սա չի՞ նշանակում, որ տնտեսությանը էական հասցված վնասը մնացել է ստվերում, և ՊԵԿ-ն ավանդաբար ամենակոռումպացված կառույցներից է եղել, հնարավո՞ր է, որ նախկինում կոռումպացված աշխատողները շահագրգռված չլինեն գտնել հարկերից խուսափողներին, Դավիթ Անանյանն այսպես արձագանքեց.- «Ամեն ինչ հնարավոր է, պետական համակարգում, այդ թվում` ՊԵԿ-ում հնարավոր են այնպիսի դեպքեր, որոնք կապված կլինեն կաշառակերության կամ կոռուպցիայի էլեմենտների հետ, մեր գործը բացահայտելն է նման էլեմենտները: Եթե հարց տվողների մտքով անցնում է, որ կլինեն այդպիսի պայմանավորվածություններ, ամեն ինչ հնարավոր է, մենք պայքարում ենք նման երևույթների դեմ, և եթե բացահայտում ենք այդպիսի անձանց, նրանք ոչ միայն զրկվում են իրենց աշխատանքից, այլև օրենքի սահմաններում պատժվում են»:

Ստվերի մասով ՊԵԿ նախագահը թվեր ներկայացրեց, նշեց` էվոլյուցիա ենք ապրել 2018-ի ապրիլից այս կողմ, օրինակ` այդ ժամանակվանից մինչև 2020 թվականի սկիզբը 87 հազարով ավելացել է աշխատատեղերի քանակը, ինչի մի մասը նաև ստվերի դեմ պայքարի արդյունք է: Միաժամանակ համաձայնեց` ցանկացած ստվերային էլեմենտ վնաս է հասցնում տնտեսությանը:

Օգտատերերից մեկն էլ ներկայացրել էր դեպք, որ ընտանիքի անդամները բոլորն աշխատում են, գրանցված աշխատողներ են, սակայն կարանտինի պայմաններում ամբողջական աշխատավարձ չեն ստանալու, միաժամանակ կառավարության աջակցության ծրագրերից ևս չեն կարող օգտվել: Սրան անդրադառնալով` ՊԵԿ նախագահը շեշտեց` նոր միջոցառումներ ընդունելու և ներկայիս միջոցառումների ցանկն ու հնարավորություններն ամեն օր են քննարկվում:

«Ինչքան էլ մենք փորձենք շահառուների մեծ շրջանակ ընդգրկել, այո, միշտ մեր միջոցառումները հնարավոր է, որ թերի լինեն և մեր ուզած ծավալով չընդգրկեն շահառուներին, սակայն գործընթացը շարունակվում է: Կա երկու բան նաև` միջոցառումները դիզայն անելու հետ կապված մենք պետք է շատ զգույշ լինենք, և երկրորդը` միջոցներն էլ նաև սահմանափակ չեն, խոցելի են առաջնահերթ այն անձինք, ովքեր իրենց աշխատանքը կորցրել են, և այդ հանգամանքը փաստավորված հասանելի է պետությանը»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG