Մատչելիության հղումներ

Հայաստանում վարակի տարածումը շարունակում է մնալ ​​կառավարելի. վարչապետ


Հայաստանում վարակի տարածումը շարունակում է մնալ կառավարելի, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռուստատեսային ուղերձի ժամանակ:

«Փուլ առ փուլ թույլատրում ենք տնտեսական գործունեության վերսկսումը զանազան ոլորտներում»

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտակարգ դրությունը երկարացվել է այն պատճառով, որովհետև համաճարակը հաղթահարված չէ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Վարչապետն ընդգծեց. «Մեր ռազմավարական խնդիրը հետևյալն է՝ այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ և առողջապահական համակարգի համար տանելի: Մյուս կողմից մենք չենք կարող անվերջ փակված լինել և անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում, հետևաբար, մեր ռազմավարական խնդիրն է՝ ապրել կորոնավիրուսին զուգահեռ, ըստ անհրաժեշտության, նրա հետ համատեղ: Արտակարգ դրության առաջիկա ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց սրա համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու նպատակով»:

Նիկոլ Փաշինյանը ասաց՝ սա գործնականում նշանակում է. «Մենք փուլ առ փուլ թույլատրում ենք տնտեսական գործունեության վերսկսումը զանազան ոլորտներում, բայց հատուկ պատասխանատվություն ենք ակնկալում գործատուներից, ովքեր պետք է ապահովեն գործարաններում, արտադրամասերում, շինհրապարակներում կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմաններ, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք խստացնել սահմանափակումները»:

Հայաստանի կառավարության ղեկավարը հավելեց, որ այսօրվանից բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան նաև իրենց ապագայում վերաբացվելիք խանութների, սրճարանների, ռեստորանների համար:

Վարչապետը նաև բանաձև առաջարկեց, որի կիրառման դեպքում կկարողանանք վարակից զերծ պահել ինքներս մեզ և մեր հարազատներին:

«Կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է ապահովել երեք պարզագույն կանոն. առաջինը՝ իրար հետ շփվելիս անհրաժեշտ է պահպանել առնվազն երկու մետր սոցիալական հեռավորություն, երկրորդը՝ դեմքին դիպչել միայն ախտահանված ձեռքերով, այս պարագայում նկատի են առնվում օճառով լվացված կամ սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներով ախտահանված ձեռքերը, հաջորդ պայմանը՝ միայն մաքուր սպասքից ու ախտահանված վարսավիրական գործիքներից օգտվելն է: Այս պայմանների ապահովման դեպքում գրեթե երաշխավորված կլինեք կորոնավիրուսով չվարակվելուց», - ասաց նա:

«Մինչև այս պահը արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին»

«Առնվազն մինչև այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին: Ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել և գնահատանքի խոսքեր ասել մեր բժիշկներին, առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին, ովքեր օրնիբուն կանգնած են համաճարակի դեմ պայքարի առաջնագծում՝ շաբաթներով կտրված մնալով սեփական ընտանիքներից», - ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ առաջին իսկ օրվանից պատշաճ պայմաններ են ստեղծված մեկուսացված քաղաքացիների համար, նրանք ապահովված են սննդով և անհրաժեշտ բժշկական հսկողությամբ:

«Աշխարհի շատ երկրներում Հայաստանի օրինակն ի ցույց է դրվում, թե ինչպես է պետք վարվել սեփական քաղաքացիների հետ օրհասական և ճգնաժամային պահերին», - հավելեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ այս օրերին ապահովվել է հազարավոր ՀՀ քաղաքացիների վերադարձը հայրենիք, ինչը կատարվել է ինչպես պետական բյուջեի միջոցների, այնպես էլ հայաստանյան և սփյուռքահայ կազմակերպությունների ու բարերարների աջակցությամբ:

Կորոնավիրուսի համաճարակի հայաստանյան կարևոր առանձնահատկություններից մեկն էլ, ըստ Փաշինյանի, այն, որ «ոչ մի օր չարձանագրվեց դատարկ ցուցափեղկերի երևույթը»:

Վարչապետը խոսքը եզրափակեց. «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես»:

Հայաստանում մինչ այս պահը հաստատվել է կորոնավիրուսի 1201 դեպք, ապաքինվել է 402 մարդ, մահացել՝ 19-ը: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժվում է 780 անձ:

XS
SM
MD
LG