Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով՝ Արցախի չորրորդ նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը


Արցախի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան, արխիվ
Արցախի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան, արխիվ

Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, ըստ նախնական տվյալների, հաղթանակ է տարել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Բոլոր 282 ընտրական տեղամասերի ընդհանրացված տվյալներով, որոնք հրապարակվել են Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում, Արայիկ Հարությունյանը ստացել է 39 հազար 860, նրա մրցակիցը՝ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 5 հազար 428 ձայն:

Երեկ անցկացված քվեարկության պաշտոնական արդյունքները հանձնաժողովը կհրապարակի ժամեր անց, սակայն արդեն իսկ կարելի է ասել, որ Արցախն ունի չորրորդ նախագահը՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի:

Երկրորդ փուլում քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 44,9 տոկոսը, ինչը նկատելիորեն զիջում է առաջին փուլին մասնակցության ցուցանիշին՝ մոտ 73 տոկոս:

Խախտումների մասով դիտորդներն այսօր ասուլիս են տալու: Հայաստանյան երկու դիտորդական առաքելություն կա: Երեկ «Ազատության» եթերում «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության դիտորդական առաքելության ղեկավար Դանիել Իոաննիսյանը խոսեց մի շարք խախտումների մասին, որոնք արձանագրել էին ժամը 14-ի դրությամբ: Այսօրվա ասուլիսում Իոաննիսյանը կամփոփի իրենց ունեցած տվյալները:

Ընտրությունների առաջին փուլում՝ մարտի 31-ին, հիշեցնենք, Հարությունյանը հավաքել էր ձայների 49,2 տոկոսը, իսկ Մայիլյանը՝ 26,4 տոկոսը:

Առաջին փուլից հետո Մայիլյանը կոչով հանդես եկավ՝ ընտրողներին հորդորելով չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը:

Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվեց արտակարգ իրավիճակի պայմաններում՝ կապված կորոնավիրուսի վարակի վտանգի հետ, ինչն էլ ընտրողների հարաբերական պասիվության գլխավոր պատճառներից մեկն էր: Բոլոր ընտրատեղամասերը, որտեղ «Ազատության» թղթակիցն այցելեց, կային ձեռնոցներ, պաշտպանիչ դիմակներ, և աշխատում էին մարդկանց մեկ-մեկ թողնել տեղամաս:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դեռ երեկ երեկոյան շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

XS
SM
MD
LG