Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը կայացել է այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության լրատվական բաժնից, վարչապետ Փաշինյանը տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանում տիրող իրավիճակի, 11 ծրագրերից բաղկացած միջոցառումների փաթեթ մասին.- «Շատ փորձագետներ արդեն համաշխարհային տնտեսության մեջ ռեցեսիա են կանխատեսում, որն իր մասշտաբներով համեմատելի կլինի միայն Մեծ դեպրեսիայի հետ։ Ինչպես այսօր տեսնում ենք, համավարակի սանձման և անխուսափելի ճգնաժամի հաղթահարման իրավիճակից դուրս գալու ելքը շատ երկրներ տեսնում են պրոտեկցիոնիզմի տրամաբանության և միջազգային առևտրում սահմանափակող միջոցների վրա հիմնված միջոցառումների մեջ։
Որոշ տվյալներով` շուրջ 70 երկրներ արդեն արգելքներ կամ սահմանափակումներ են սահմանել բժշկական միջոցների և դեղամիջոցների արտահանման համար: Բացառված չէ, որ այդ միտումը հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով ապրանքների ավելի լայն սպեկտր։ Մեզ չի կարող չանհանգստացնել այդ հեռանկարը։ Սահմանափակ տնտեսական հնարավորություններով և ռեսուրսներով երկրների համար սա կարող է ունենալ ամենածանր հետևանքները: Մենք այլ ռազմավարության կողմնակից ենք․ մարտավարություն, որը կառուցված է գործընկերության և համագործակցության փիլիսոփայության վրա»։
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ ստեղծված իրավիճակում անթույլատրելի է այս կամ այն կերպ ԵԱՏՄ ներսում ապրանքների և ծառայությունների տեղաշարժմանը խոչընդոտող միջոցների ստանձնումը։
Այնուհետև ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները քննարկել են Միության տարածքում կորոնավիրուսի տարածման, կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ստեղծված իրավիճակում տնտեսական զարգացումներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ քայլերը: