Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի, և այդ կառույցին չանդամակցող խոշոր նավթ արտահանող այլ երկրների՝ տեսակապով անցկացրած արտակարգ ժողովի արդյունքում հաջողվել է համաձայնեցնել նավթի արդյունահանումը ժամանակավոր կրճատելու հարցը:
Ժողովը նախագահել է Սաուդյան Արաբիան:
Խորհրդակցության մասնակիցներն այդ քայլին են դիմել, քանի որ աշխարհում նավթի պահանջարկը կորոնավիրուսի տարածման հետևանքով նվազել է, ինչը հանգեցրել է միջազգային շուկաներում այդ հումքի գնանկման:
Ենթադրաբար, արդեն մայիսին միջազգային շուկաներում կգոյանա օրական արդյունահանվող 25-ից 30 միլիոն բարել նավթի ավելցուկ:
Խորհրդաժողովի մասնակիցները պայմանավորվել են առաջին փուլում՝ մայիս-հունիս ամիսներին, նավթի օրական արդյունահանումը տասը միլիոն բարելով նվազեցնել:
Հաջորդ փուլերում թիվը կարող է վերանայվել: Համաձայնությունը պետք է գործի երկու տարի: