Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի գրասենյակը կրկին գրություն է ուղարկել Աժ. նրա մասնակցության հարցը դեռ պարզ չէ


Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այսօր պատասխան գրություն է ուղարկել 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին: Այս մասին հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից:

Գրության մեջ ասվում է.

«Ապրիլի 8-ին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ ուղարկված Ձեր թիվ ԱԺՀ.2/2514 գրության մեջ պարզորոշ ներկայացված չէ հանձնաժողովի դիրքորոշումը` ի պատասխան գրասենյակի հարցադրումների: Մասնավորապես, հասկանալի չէ, թե բավարարվե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահի առաջադրած պայմանը` հանձնաժողովի լսումներին ներկայանալու միայն իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը (կամ տեսաձայնագրությունը) ստանալու դեպքում»:

Ապա գրության մեջ նշվում է, որ եթե նիստի ընթացքում հանձնաժողովը պատրաստվում է Սերժ Սարգսյանին հայտնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` նրան անհայտ տեղեկություններ, ապա, «ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Սերժ Սարգսյանը դեմ է դրան և առաջարկում է նման տեղեկություններ չհայտնել»:

«Իսկ եթե խոսքը վերաբերում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկությունների, որոնց ՀՀ երրորդ նախագահը տիրապետում է ի պաշտոնե, ապա «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա արդեն իսկ առկա է դրանք չհրապարակելու պարտավորություն` անկախ հանձնաժողովի նիստում դրանք հրապարակելուց կամ չհրապարակելուց:

Ելնելով վերոհիշյալից` ակնկալում ենք հանձնաժողովի հստակ դիրքորոշումը` տրամադրվելո՞ւ է արդյոք ՀՀ երրորդ նախագահին` նրա կողմից հանձնաժողովի նիստում հնչեցված հայտարարությունների և պատասխանների տեսաձայնագրությունը»,- նշված է գրության մեջ:

Նաև ասվում է, որ այս պատասխանից է կախված նիստին մասնակցելու` Սարգսյանի որոշումը, ինչի մասին գրասենյակը իր նախորդ գրությամբ տեղեկացրել էր:

«Խնդրում ենք նաև պարզաբանել, թե ՀՀ օրենսդրության որոշակիորեն ո՞ր նորմերից է բխում հանձնաժողովի նիստին պաշտոնաթող նախագահի չներկայանալու դեպում հանձնաժողովին գրավոր հիմնավորումներ ներկայացնելու Ձեր խնդրանքը»,- այսպիսով եզրափակվում է գրությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երրորդ նախագահի գրասենյակից հայտնել էին, որ նա պատրաստ է ապրիլի 16-ին մասնակցել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նիստին, սակայն միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանի գրասենյակը գրություն էր ուղարկել հանձնաժողովը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյո՞ք հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվում, սղագրվում և պատշաճ կարգով արխիվացվում է, թե՞ ոչ։

2016-ի քառօրյա պատերազմի օրերին Հայաստանի նախագահի և Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ ինքը նպատակահարմար է համարում քննիչ հանձնաժողով այցելել արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվի իրեն՝ եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում` տալ ձայնագրման հնարավորություն:

Ավելի վաղ հանձնաժողովի ղեկավարը տեղեկացրել էր, որ Սարգսյանը կարող է հանձնաժողով ներկայանալ կա՛մ ապրիլի 13-ին, կա՛մ 16-ին։

Հավելենք նաև, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը համաձայնել է նիստից հետո Սերժ Սարգսյանին տրամադրել ձայնագրության մեկ օրինակ, պայմանով՝ եթե կպարտավորվի պահպանել Սահմանադրությամբ սահմանված պետական գաղտնիքի մասին բոլոր դրույթները:

XS
SM
MD
LG