Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 1,3 միլիոնին, մահացել է մոտ 70 հազար, բուժվել՝ մոտ 265 հազար մարդ


Ֆրանսիա - Կորոնավիրուսով վարակվածին հոսպիտալացնում են, Փարիզ, 1-ը ապրիլի, 2020թ.
Ֆրանսիա - Կորոնավիրուսով վարակվածին հոսպիտալացնում են, Փարիզ, 1-ը ապրիլի, 2020թ.

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 1 միլիոն 300 հազարին, մահվան դեպքերինը՝ 70 հազարին, հիվանդությունից բուժվել է մոտ 265 հազար մարդ:

Իտալիայում և Իսպանիայում օրեցօր մահացությունը նվազում է, բայց այն դեռ բարձր է, հիվանդանոցներում իրավիճակը բարդ է:

Մեծ Բրիտանիայում շաբաթ օրը մահացության ամենամեծ թիվն է գրանցվել՝ 708 մարդ մեկ օրում: Վարչապետ Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զննություն անցնելու համար:

Թագուհի Եղիսաբեթ երկրորդը կոչով դիմել է ժողովրդին, բրիտանացիներին հորդորել է չհուսահատվել և համերաշխություն դրսևորել ու վստահություն է հայտնել, որ երկիրը «հպարտությամբ» կհաղթահարի փորձությունները: «Եվ նրանք, ովքեր կգան մեզ փոխարինելու, կասեն, որ բրիտանացիների ներկա սերունդը նույնքան ուժեղ էր, ինչպես նախորդները», - ասել է թագուհին:

Շոտլանդիայի առողջապահության նախարարը հրաժարական է ներկայացրել այն պատճառով, որ ընտանիքի հետ մի քանի անգամ մեկնել է քաղաքից դուրս գտնվող իր առանձնատուն՝ չնայած հեռուստատեսությամբ կոչ էր անում շոտլանդացիներին մնալ տանը:

Բրիտանացի բժիշկները, ինչպես և բոլորը, այս օրերին պաշտպանիչ միջոցների պակաս ունեն:

Իռլանդիայում 5 հազար հիվանդ կա, մահացել է 158 մարդ: Վարչապետ Լեո Վարադկարը, ով նաև բժիշկ է, վերադառնում է իր առաջին մասնագիտությանը՝ շաբաթը մեկ անգամ հեռախոսով նա հիվանդներին խորհուրդներ կտա հետախոսով:

Հայտնաբերված դեպքերի քանակով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը: Մահացածների ընդանուր թիվը այստեղ մոտենում է 10 հազարին, ամենամեծ թիվը Նյու Յորքում է:

Ֆրանսիայում այս վարակից մահացածների թիվն անցել է 8 հազարը:

Ռուսաստանում նոր կորոնավիռուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտ 5 հազար 400 է, մեծ մասը՝ Մոսկվայում, նոր դեպքերը ևս ամենաշատը մայրաքաղաքում են գրանցվում: Երկրում, պաշտոնական տվյալներով վարակի զոհ է դարձել 47 մարդ: Վարակվածների և զոհերի մեջ նաև հայեր կան:

Կորոնավիրուսով վարակվելուց հետո բարդությունների պատճառով, 67 տարեկանում մահացել է Լիբիայի նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլը:

Covid-19-ի դեպքերն ավելանում են Ուկրաինայում և Կենտրոնական Ասիայում:

XS
SM
MD
LG