Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա, հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը Ֆեյսբուքում գրառմամբ տեղեկացնում է, որ 49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։
Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 482 դեպք, փաստացի բուժում է ստանում 449-ը. վարակակիրներից 30-ն ապաքինվել են, արձանագրվել է մահվան 3 դեպք:
Այսօր Կառավարության արտահերթ նիստի ժամանակ Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ տվյալ պահի դրությամբ պացիենտներից 14-ի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր, ապա շարունակել. - «Սակայն կարող եմ ասել, որ <...> ծայրահեղ ծանրը հավանաբար կդառնա ծանր, այսինքն՝ բարելավում ունենք, հնարավոր է՝ ինտուբացիան դադարեցնենք, այսինքն՝ այդ ահեստական օդափոխության սարքը անջատենք, և ինքնուրույն կշնչի պացիենտը: Եվ ևս 2 ծանր, որոնք մենք գնահատում էինք, որ հնարավոր է՝ դառնան ծայրահեղ ծանր, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ հավանաբար կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ»: