Մատչելիության հղումներ

Քանի մարդիկ մեկուսացած են, պետք է փորձենք զանգվածային թեստավորում անել. համաճարակաբան


Հայաստանում կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքն է արձանագրվել, կիրակի ժամը 11-ի դրությամբ վարակվածների թիվը հասել է 424-ի: Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր բժիշկ-համաճարակաբան, Երևանի Պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Հայաստանում կա 424 վարակված, 30 առողջացման դեպք, 3 մահացության դեպք, թեստավորվել են ավելի քան 2 հազար հոգի: Սա լա՞վ ցուցանիշ է, թե՞ վատ, ինչպե՞ս եք գնահատում: Վարակվածների թիվը այնքան էլ մեծ չէ, եթե համեմատում ենք այլ երկրների հետ, բայց մյուս կողմից էլ, կարծեք թե, թեստավորվողների թիվն էլ մեծ չէ: <...> Խնդիրն այն է, որ ինչպես նաև մյուս երկրներում, ասում են, որ այդ թվերը հաճախ ցածր են լինում, որովհետև թեստավորումն է քիչ լինում: Դուք ի՞նչ եք կարծում:

Արման Բադալյան. – Ես ամբողջությամբ կիսում եմ այդ մոտեցումը, միանգամից ասեմ, որովհետև, այո, եթե մենք փորձենք ավելի մասսայական թեստավորում անցկացնել, ես համոզված եմ, իմ անձնական կարծիքն է, որ հիվանդացածների թիվը, բնականաբար, կբարձրանա:

Սա՝ ոչ միայն ուղղակի այլ երկրների փորձը ուսումնասիրելով, ոնց որ, օրինակ, նույն Հարավային Կորեան է, որտեղ որ այդ մասսսայական թեստավորման գաղափարը շատ հստակ կիրառվել է և կիրառվում է, այլ նաև այսօր այն տեղեկությունը, որ ունենք այս հիվանդության մասին, որ այս հիվանդությունը կարող է փոխանցվել նաև, ասենք, կլինիկական ընթացք կլինի, մենք ասում ենք՝ ենթակլինիկական ընթացք, այսինքն՝ էն սիմպտոմատիկան, ախտանիշները, որ մենք հստակ նշում ենք, էդ երեք հիմնականը՝ ջերմությունը, չոր հազը, ենթադրենք, և շնչառության պակասը, որը հիմա կարող ենք ընդգծել, այդ սիմպտոմները կարող են ոչ ամբողջությամբ՝ դրանցից, ենթադրենք, մեկը ի հայտ գա, կամ երկուսը, ոչ այն ընդհանուր փաթեթով, այսպես ասած, որը որ ընթանում է, դա մենք անվանում ենք ենթասուր ընթացք, այսինքն՝ ոչ տիպիկ հիվանդության ընթացք, սա՝ մեկ: Երկրորդը՝ մենք ունենք տարբերակ, որ էս հիվանդությունը, փաստորեն, անսիմպտոմ, այսինքն՝ ինկուբացիայի վերջում, կամ դեռ չի հասցրել սիմպտոմները, մի խոսքով, արտահայտվի՝ հիվանդությունը կարող է տարածվել:

Էս երկու հանգամանքից ելնելով՝ բնականաբար, մենք կարող ենք հաստատ համոզված լինել, որ հիվանդացածների թիվը, վարակվածների, այսպես ասենք, թիվը, շատ ավելի մեծ է, քան իրականում մենք թեստավորում ենք: Եվ բազմիցս նշվել է, որ թեստավորման եղանակը, որը մենք կիրառում ենք, ինքը բավական սահմանափակ է, չենք կարող էսօրվա դրությամբ, էսօրվա նորություններով դա մասսայական, կենտրոնացված ինքը արվում է, մասսայական մենք այսօր չենք կարող անել:

Բայց հավելեմ, որ այսօր, տեսեք, Միացյալ Նահանգներ, ես Ֆրանսիայից էլ որոշակի տեղեկություն ունեմ, որ երկուշաբթվանից սկսած՝ այնտեղ ուզում են, վերջին տվյալը, օրինակ, Միացյալ Նահանգներինն էր՝ «Էբոթ» ֆիրմայի մոլեկուլյար գենետիկ մակարդակով թեստավորման գործընթացը, որ իրենք մասսայական, օրական մոտ 50 հազար թեստ է պատրաստվում, ըստ հրապարակումների, էդ կազմակերպությունը՝ «Էբոթ» կազմակերպությունը, արտադրել, իրենք մասսայական սկսելու են թեստավորում: Նմանատիպ, չեմ կարող ասել՝ որ ֆիրմայինն է, այսպես ասած, թեստը, որ լաբորատոր պրոցեսն է կատարվելու որ ֆիրմայի կողմից, նրանք էլ նույնպես՝ Ֆրանսիայում էլ, պատրաստվում են էդ մասսայական թեստավորման:

Տեսեք սրա արդյունավետ իմաստը որն է՝ սա, նախ, հստակ մենք կիմանանք ավելի մոտիկ իրականին՝ ինչքան հիվանդ կա, սա՝ մեկ, և երկրորդը՝ հակահամաճարակային տեսանկյունից էլ, օգտվելով, էս առիթից, որը որ էսօր մենք ունենք՝ էս վիճակը, որ մարդիկ կարանտինի են ենթարկվել, այսպես ասած, ինքնակարանտինի, և այլն, կարող ենք այս պահն էլ, քանի մարդիկ տանն են և այլն, մենք էլ փորձենք, իմ անձնական կարծիքով, թեստավորումը անել: Ուղղակի ուրիշ հարց է, թե ինչ որակի թեստ բերել՝ այո, էս հարցն էլ է շատ անգամ քննարկվում:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 29-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG