Մատչելիության հղումներ

Պետդումայի բոլոր պատգամավորները կորոնավիրուսի թեստ կանցնեն. Ինտերֆաքս


Ռուսաստանում Պետդումայի բոլոր պատգամավորները հաջորդ երկուշաբթի կորոնավիրուսի թեստ կանցնեն, հաղորդում է Ինտերֆաքսը:

Պատգամավորների շրջանում առայժմ հաստատված որևէ դեպք չկա, սակայն, հայտնի է, որ պատգամավորներից մեկը` «Լիբերալ-դեմոկրատական» խմբակցության ներկայացուցիչ Սերգեյ Կատանոսովը, շաբաթներ առաջ վերադարձել էր Ֆրանսիայից և երեք օր շարունակ մասնակցել խորհրդարանի նիստերին: Պետդումայի նախագահը չեղարկել էր խորհրդարան մտնելու նրա անցաթուղթը, կուսակցությունն էլ որոշում էր ընդունել մանդատից զրկելու վերաբերյալ:

Ստուգումներ են իրականացվում նաև Ռուսաստանի նախագահի վարչակազմում: Ըստ «Վեդոմոստի» պարբերականի, նախնական թեստերից հետո Պուտինի աշխատակազմում վարակի երեք դեպք է հայտնաբերվել, վարակվածներն ու նրանց հետ շփված անձինք մեկուսացվել են:

«Մեդուզա»-ի տեղեկություններով էլ` նոր կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել նաև Ռուսաստանի կառավարությունում: Ըստ BBC-ի ռուսական ծառայության, վարակակիրն աշխատում է պաշտպանական արդյունաբերությունը համակարգող դեպարտամենտում: Պաշտոնական աղբյուրները, սակայն, այս լուրերը չեն հաստատում:

XS
SM
MD
LG