Մատչելիության հղումներ

Արդյո՞ք Չինաստանը իսկապես հաղթահարել է կորոնավիրուսային ճգնաժամը


«Դրակոնյան» և «Մաոյի ոճի սոցիալական հսկողություն» արտահայտություններն են կիրառվում Կենտրոնական Չինաստանում մահացու կորոնավիրուսի դեմ պայքարում պաշտոնյաների սահմանած հանրային սահմանափակումները նկարագրելիս։

Քչերը չեն համաձայնի, որ կորոնավիրուսի և նրա ուղեկցող COVID-19-ի հիվանդության վտանգը լիովին գիտակցելուն պես չինացի պաշտոնյաները սկսել են անողոք պայքար՝ հարյուր միլիոնավոր քաղաքացիների նկատմամբ սահմանելով կարանտինային, մեկուսացման և հսկման ռեժիմը: Բայց շատերը նաև մեղադրում են նրանց Ուհան քաղաքում հունվարին՝ սկզբնական շրջանում, տեղի ունեցած բռնկման մասին կարևոր տեղեկություն թաքցնելու մեջ։

Չինաստան
Չինաստան

Մարտի 20-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրիեսուսը ասաց, որ «Ուհանը հույս է ներշնչում աշխարհի մնացած մասի համար, որ նույնիսկ ամենադաժան իրավիճակը կարելի է շրջել»:

ՄԱԿ-Չինաստան համաճարակաբանների համատեղ առաքելության խոսքով՝ դա «թերևս պատմության մեջ հիվանդությունների զսպման առավել հավակնոտ, արագաշարժ և ագրեսիվ ջանքն էր»:

Ինչպես ոմանք են պնդում, դա հավանաբար հնարավոր էր անել միայն Չինաստանի պես ավտորիտար երկրում։ Եվ անցյալ շաբաթ հասանելի դարձած ապացույցները վկայում են, որ կոշտ միջոցները աշխատել են գոնե առայժմ:

Մարտի 18-ին վարակի դեմ Չինաստանի եռամսյա համաճարակաբանական մարտում գրանցվեց խոշոր առաջխաղացում՝ այդ օրը պաշտոնական թվերը ցույց չէին տվել կորոնավիրուսի որևէ նոր տեղական փոխանցման դեպք, ընդամենը գրանցվել էին մի քանի տասնյակ նոր դեպքեր, բոլորն էլ՝ արտասահմանից բերված:

Մեկ օր անց, երբ համավարակի բռնկման պատճառով այլ երկրների կառավարությունները դեռ նոր էին սկսում խստացնել սոցիալական հսկողությունը, COVID-19-ի զոհերի թիվը միայն Իտալիայում անցավ այս հիվանդության հետևանքով Չինաստանում մինչ այժմ գրանցված զոհերի թիվը՝ 3245-ը:

Մարտի 19-ին չինացի գիտնականները նույնիսկ պնդեցին, որ Ուհան քաղաքում անցկացված նոր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջին սիմպտոմատիկ հիվանդի մահանալու հավանականությունը 1,4 տոկոս է, ինչը «էապես ցածր» է, քան նախկինում ենթադրվում էր՝ ըստ որոշ ցուցանիշների:

Իտալիա
Իտալիա

Վեց այլ երկրներ՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, ԱՄՆ, Իրան և Ֆրանսիա, այժմ ավելի մեծ թվով ակտիվ COVID-19-ի դեպքեր ունեն, քան Չինաստանը, որտեղ մինչև մարտի 20-ը կազդուրվել էր 71150 մարդ, իսկ 6569-ը դեռ պայքարում էին հիվանդության դեմ։

Հավաքականորեն, այս նորությունը կարծես ավելի էր ամրապնդում այն վստահությունը, որն արտահայտվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և կորոնավիրուսի և COVID-19-ի գծով չինական ինֆեկցիոն-հիվանդության մասնագետների համատեղ առաքելության կողմից, որը զարմանք է առաջացրել իր թվացյալ գովեստային հետևությունների համար:

«Այս նոր շնչառական պաթոգենի արագ տարածումը կանխելու՝ Չինաստանի համարձակ մոտեցումը փոխել է արագորեն սրվող և մահացու համաճարակի ընթացքը», - ասված է առաքելության՝ փետրվարի վերջին արված հաղորդագրության մեջ, երբ Չինաստանում վարակների նոր դեպքերի գրանցումը հասավ իր գագաթնակետին, իսկ Իտալիայում, որին վիճակված էր դառնալ վարակի եվրոպական նոր էպիկենտրոն, դեպքերի աճը դեռ նոր էր սկսվում:

Երկրորդ ալի՞ք

Բայց նույնիսկ այդպիսի գովեստի խոսքերի և 1.4-միլիարդանոց Չինաստանի` վարակի դեմ պայքարի հաջողության նշանների պարագայում փորձագետները զգուշացնում են, որ զանգվածային արգելափակումների պարբերական կրկնումը այնտեղ գոնե հաջորդ մեկ տարվա կտրվածքով գրեթե անխուսափելի է:

Ասում են, որ վարակի երկրորդ ալիքը հավանական է և՛ Չինաստանում, և՛ ցանկացած այլ վայրում, որտեղ կհաջողվի կասեցնել վարակի սկզբնական բռնկումը։ Այդ վարակը մարտի 20-ի դրությամբ տարածվել էր ավելի քան 250 հազար մարդու շրջանում ամբողջ աշխարհում՝ խլելով ավելի քան 10 հազար 500 մարդու կյանքը:

«Իհարկե, մենք պետք է զգույշ լինենք. իրավիճակը կարող է կրկնվել», - հավելել է ԱՀԿ գլխավոր տնօրենը:

Ղազախստան
Ղազախստան

Վերջին լավ լուրը նաև սպառնում է ստվերել կոշտ քննադատությունը չինացի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ենթադրաբար հրաժարվել են դրսի գիտնականների և երկրի հանրության հետ կիսվել պոտենցիալ կյանք փրկող տեղեկատվությամբ, երբ դեկտեմբերի 1-ին հաստատված առաջին դեպքից հետո բռնկումը սկսել է ահագնանալ։ Նրանց նաև կշտամբում էին քաղաքացիների կողմից արված զգուշացումները գրաքննելու և այն բանի համար, որ երբ ժամանակը էական էր` բռնկումը մեղմելու համար, պատժում էին նրանց, ովքեր բարձրաձայնում էին վտանգի մասին։

Նման նախազգուշացումներն ու քննադատությունը չխանգարեց Պեկինին արտաքին աշխարհին իր փորձը առաջարկելու և դիմակներ, արհեստական շնչառական ապարատներ ու այլ բժշկական սարքավորումներ ինքնաթիռներով առաքելուն:

Վարակվածության գագաթնակետից մեկ ամիս անց Չինաստանը և երկրի մի շարք հայտնի քաղաքացիները ներքին վիճաբանություններից և ձախողումների համար իրար մեղադրելուց անցան գլուխ բարձրացնող համավարակի դեմ պայքարելուն՝ խոստանալով օգնություն ցուցաբերել Միացյալ Նահանգներին, ԱՀԿ կողմից բռնկման ներկայիս «էպիկենտրոն» համարվող Եվրոպային, ինչպես նաև աշխարհի այլ ժողովուրդներին:

Դա այսպես կոչված` «կորոնավիրուսային քարոզչական պատերազմի» մի մասն է, որը ըստ քաղաքական շրջանակների՝ Պեկինի կողմից «ոչ այնքան նուրբ փիար արշավ է»:

ԱՄՆ
ԱՄՆ

Միացյալ Նահանգներում դրա դեմ առնում էին պաշտոնյաների կողմից արված հիշատակումներով, հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի շրջանակներում, ուր, մասնավորապես, կորոնավիրուսն անվանում էին «չինական վիրուսը»:

«Տեսեք, ապատեղեկատվական արշավը, որը (չինացի պաշտոնյաները) անցկացնում են, ուղղված է պատասխանատվությունը իրենցից շեղելուն», - մարտի 17-ին լրագրողներին ասաց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով բամզիցս կորոնավիրուսը անվանել է «Ուհանի վիրուս»:

Նա շարունակեց. - «Մենք այսքանը գիտենք. մենք գիտենք, որ առաջին կառավարությունը, որ տեղյակ է եղել «Ուհանի վիրուսի» մասին, Չինաստանի կառավարությունն էր: Դա հատուկ պատասխանատվություն է ենթադրում՝ բարձրաձայնելու և ասելու. - «Մենք խնդիր ունենք, սա ուրիշ է, եզակի է և ռիսկ է ներկայացնում»: Եվ ահագին երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի աշխարհը տեղեկանա այդ ռիսկի մասին, որ նստած էր այնտեղ՝ բնակվելով Չինաստանի ներսում»:

Նոր և անծանոթ թշնամին

Ըստ գենետիկ վերլուծության` ենթադրվում է, որ կորոնավիրուսն առաջին անգամ կենդանիներից անցավ մարդկանց մոտավորապես 2019 թվականի նոյեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում, իսկ առաջին դեպքերը նկատվել են Հուբեյ նահանգի խիտ բնակեցված Ուհան քաղաքում:

Հեշտորեն փոխանցվող կորոնավիրուսի համար հաստատված պատվաստանյութեր չկան, և վարակի առաջացրած թոքաբորբանման COVID-19 հիվանդության բուժումը մինչ այժմ սահմանափակված է օժանդակ բուժօգնությամբ և գոյություն ունեցող նյութերի հիման վրա փորձարարական մեթոդներով։ Մասնագետների մեծ մասը ասում է, որ ապացուցված, անվտանգ պատվաստանյութի լայն ներդրման համար առնվազն մեկ տարուց մինչև 18 ամիս ժամանակ կպահանջվի:

Հունվարի վերջին, երբ Չինաստանից դուրս գտնվող մասնագետները փորձում էին գնահատել սպառնալիքի մասշտաբները, ուշադրության կենտրոնում էր Չինաստանի գաղտնիությունը։

Չինաստանի իշխող Կոմունիստական կուսակցությունը փետրվարի 3-ին, երբ մահվան ցուցանիշը հասավ 400-ի, և նոր վարակվածների թիվը արագ աճում էր, խոստովանեց, որ բռնկումը կլինի «Չինաստանի համակարգի և կառավարման կարողությունների համար մեծ փորձություն»:

Անցյալ շաբաթ Կոմունիստական կուսակցությունը հրապարակավ դատապարտեց պաշտոնյաների վարվելակերպը այն բժշկի նկատմամբ, ով ճանաչել էր կորոնավիրուսի բռնկման լրջությունը դրա սկիզբ առնելուց անմիջապես հետո:

Ակնաբույժ Լի Վենլիանգն ինքը վարակվել էր հունվարի սկզբին և մահացավ COVID-19-ից մեկ ամիս անց։ Մինչ այդ նա բողոքել է պաշտոնյաների՝ արագ տարածվող խնդիր ընդունելու ակնհայտ անպատրաստակամության դեմ: Բայց նրա առցանց բողոքի արտահայտումները օգնեցին բարձրացնել հասարակական բողոքը պաշտոնական գաղտնիության և լռության դեմ, և, ըստ երևույթին, օգնեցին դրդել չինացի պաշտոնյաներին անցնելու գործի:

Փետրվարի սկզբին, երբ կորոնավիրուսի դեպքերի քանակը աճում էր Չինաստանում՝ տարածվելով ավելի քան մեկ տասնյակ այլ երկրներում, տասնյակ միլիոնավոր չինացիներ հետևում էին պետական CCTV հեռուստատեսության ուղիղ եթերով, թե ինչպես 10 օրվա ընթացքում COVID-19-ով շուրջ 2600 հիվանդի համար նախատեսված հիվանդանոց էր կառուցվում։

Ավելի մեծ թվով մարդիկ ամբողջ աշխարհում հետևում էին Ուհանի Հոշենշան և Լեյշենշան հիվանդանոցների նախագծերի ընթացքին միջազգային լրատվական գործակալությունների լրահոսի միջոցով։ Ըստ Nikkei Asian Review-ի` չինական հեռուստադիտողները շինարարական հրապարակում աշխատող տեխնիկային տվել են համարժեք մականուններ՝ «Փոքր դեղին» և «Փոքր կապույտ», բայց դա ակնհայտ պաշտոնական ազդանշան էր իրավիճակի հրատապության և առաջիկայում սպասվող վտանգավոր օրերի և շաբաթների մասին։

«Իհարկե, հավանաբար, արդարացի է ասել, որ Ուհանում կենտրոնացած կորոնավիրուսային բռնկման լրջության՝ Չինաստանի նախնական ժխտումը հանգեցրեց նրան, որ այդ քաղաքում լայնորեն տարածվեց վարակը, ի վերջո, նրանք կիրառեցին հանրային առողջության խիստ միջոցառումներ՝ ներառյալ այդ քաղաքի և Չինաստանի մյուս քաղաքների գրեթե լիակատար մեկուսացումը», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին է ասել Կալիֆոռնիայի Ստենֆորդի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ Դին Ուինսլոուն:

Իսպանիա
Իսպանիա

Երկու կրակի արանքում

Չինաստանի խոշորածավալ ջանքերը համատեղում էին ագրեսիվ կարանտինները, անողոք մեկուսացումները և մարդկանց վերահսկումը՝ նորագույն «խոշոր տվյալների» գործիքների և արհեստական հետախուզության միջոցով:

Նույնիսկ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը հունվարին Չինաստանի ջանքերը ողջունող արձագանքի մեջ շեշտեց, որ հակահամաճարակաբանական միջոցառումները «ծանր սոցիալական և տնտեսական ազդեցություն են ունենում չինացի ժողովրդի վրա»:

New York Times-ը հաշվարկել է, որ առնվազն 760 միլիոն չինացի ինչ-որ պահի ենթարկվել է տնային մեկուսացման այս կամ այն ձևի:

Դեմքի ճանաչման, արհեստական հետախուզության և այլ «մեծ տվյալների» հետ կապված ջանքերը նաև հետապնդում էին ԱՀԿ-ի կողմից նկարագրած՝ «շփման հետագծի հայտնաբերման և առաջնահերթ բնակչության կառավարման» վրա ուղղված նպատակը: Human Rights Watch-ը բարձրաձայնեց իր դժգոհությունը Չինաստանի մեկուսացումների խիստ լինելու վերաբերյալ, ինչպես նաև երկրում կամայական կալանքների և այլ դաժանությունների վերաբերյալ։ Նման միջոցառումները հանգեցնում էին նաև անուշադրության հետևանքով զոհերի, օրինակ` հաշմանդամություն ունեցող մի տղայի մահը, ով անուշադրության զոհ դարձավ այն բանից հետո, երբ նրա հարազատներին ստիպել էին անցնել կարանտինի:

Human Rights Watch-ը Պեկինին զսպվածության կոչ արեց հունվարի 30-ի զեկույցում, որ հետևյալ անվանումն ուներ. «Չինաստան. կորոնավիրուսի դեմ պայքարում հարգեք իրավունքները»:

Չինաստանում սկսեցին ի հայտ գալ սարսափեցնող պատմություններ կիրառվող խիստ միջոցառումների՝ ջերմաչափման, դեմքի ճանաչման և արհեստական հետախուզության ծրագրային ապահովման օգտագործմամբ իրականացվող վերահսկման մասին։

Կորոնավիրուսով համակված վայրից Սիչուանում գտնվող իր տուն վերադարձած Հուբեյի ռեստորաններից մեկի սեփականատիրոջը ուշ երեկոյան այցելեցին ոստիկանները, որպեսզի ստիպեն նրան երկու շաբաթ կարանտին պահել, հաղորդում էր Al-Jazeera-ն: Երբ նա տանից դուրս եկավ բանջարեղեն գնելու, նրան արագորեն հայտնաբերեցին ոստիկանները, ովքեր ակնահայտորեն գործի էին դրել թաղամասում գտնվող տեսախցիկները և դեմքի ճանաչման գործիքներ՝ տղամարդու օրինազանցությունը ֆիքսելու համար:

Չեխիա
Չեխիա

«Դա խիստ չէ»

Ֆրանսիայից մինչև Չեխիա և անգամ Իտալիա, Չինաստանի սահմաններից դուրս գտնվող պաշտոնյաներն ավելի հրապարակային կերպով էին արձագանքում խնդրին՝ ստիպված լինելով գնալ փոխզիջումների՝ մի կողմից` մոնիտորինգի, հասարակության կողմից «հանրային հեռավորություն» պահելու և հանրային այլ պաշտպանական միջոցառումների անհրաժեշտության, իսկ մյուս կողմից` այս միջոցառումների կիրառման մեջ ծանրակշիռ երևալու իրենց դժկամության միջև։

Մարտի 19-ին Հյուսիսային Իտալիա կատարած` տեղեկատվության փոխանակման նպատակին ուղղված այցի ընթացքում Չինաստանի Կարմիր խաչի ներկայացուցիչ Սուն Շուոպենգը պարծեցավ, որ Ուհանում վարակվածների դեպքերի թիվը «նվազման միտումներ» դրսևորեց այնտեղ վարակի դեմ մեկուսացման քաղաքականություն ընտրելուց մեկ ամիս անց»:

«Այստեղ՝ Միլանում, որը COVID-19-ից ամենաշատն է տուժել, մեկուսացումը այդքան էլ խիստ չէ», - ասաց նա:

Իտալիա
Իտալիա

Չինաստանի՝ կորոնավիրուսին արձագանքի և նրա նպատակահարմարության վերաբերյալ արևմուտքում հնչած հիմնական քննադատությունն այն էր, որ նույն աստիճանի մասնավոր ներխուժումը և վերահսկումն այն հասարակություններում, որտեղ անձնական ազատություններն ու մասնագիտական ամբիցիաներն ավելի ուժեղ պաշտպանված են, կլինեն դժվար:

«Պետք է լինի հավասարակշռություն մարդկանց կյանքը պաշտպանելու և նրանց կենսապահովման միջև», - Time ամսագիրը մեջբերում էր Հոնկոնգի համալսարանի վարակիչ հիվանդության փորձագետ Բեն Քոուլինգի խոսքերը:

Մյուս քննադատները զուգահեռ էին անցկացնում չինական պաշտոնյաների կողմից հասարակության մեկուսացման նկատմամբ անզիջում մոտեցման և այն բանի միջև, որ նրանք ի սկզբանե թաքցնում էին ապացույցները, որ բռնկումը սկսվել է այն բանից հետո, երբ վարակը կենդանուց անցավ մարդուն, և «լղոզում» վարակի տարածման վերաբերյալ անհանգստացնող թվերը և չկարողացան պատշաճ իրազեկել հանրությանը ռիսկերի մասին:

Այն խոսակցությունները, որ իշխանությունները փակեցին Շանհայի լաբորատորիան, որը ամենակարևոր գիտական առաջընթաց գրանցեց խնդիրը «շտկելու» համար, մինչ կորոնավիրուսի բռնկումը վերաճում էր համավարակի, արդեն առիթ տվեց մեղադրանքների՝ շարունակվող ծածկադմփոցի վերաբերյալ: Պաշտոնյաները չեն բացատրել լաբորատորիայի փակման պատճառները, բայց այն տեղի է ունեցել լաբորատորիայի կողմից կորոնավիրուսի գենի հաջորդականությունը բաց հարթակում հրապարակելուց մեկ օր անց։

«Ես կարծում էի, որ այդ թվերը ոչ մի կերպ չէին կարող իրական լինել», - Science ամսագիրը մեջբերում էր Գերմանիայի Ռոբերտ Քոչի ինստիտուտի համաճարակաբան և ԱՀԿ-Չինաստան առաքելության անդամ Թիմ Էքմանսինին։

Ուղղակի մեկ ռազմաճակատ

Առաքելությունն այդ օրինակով եզրակացրեց, որ իսկապես «COVID-19-ի դեպքերի նվազում ամբողջ Չինաստանում իրական է», և անցյալ շաբաթվա վիճակագրությունը կարծես թե դրա հավելյալ ապացույցն էր:

Բայց արդյո՞ք դա կմնա այդպես Չինաստանի և աշխարհի մնացած մասի համար, դեռ մեծ հարցական է, մինչ համավարակը հաղթահարելու ջանքերը շարունակվում են:

Մարտի 19-ին Ուհան քաղաքում պաշտոնյաները տեղեկացրին, որ արդեն երկու օր շարունակ տեղական փոխանցման դեպքեր չեն գրանցվում:

Անցյալ շաբաթ Հուբեյ նահանգի արգելափակումների մի մասը հանվել է կամ թեթևացել.ապամոնտաժվել են անցակետերը, և վերացվել են շրջանի ներսում տեղաշարժվելու արգելքները:

ԱՀԿ-ն չինացի պաշտոնյաներին կոչ է արել «ուշադիր հետևել շարժման և հանրային հավաքների ներկայիս սահմանափակումների փուլային վերացմանը»՝ COVID-19 փոխանցման նոր կամ մնացած շղթաների ցանկացած նշանի համար:

Կազմակերպությունը ընդգծել է, որ պաշտոնյաները պետք է ցույց տան «հստակ ճանաչում և պատրաստակամություն՝ անհապաղ արձագանքելու COVID-19 նոր դեպքերին կամ կլաստերներին, քանի որ զսպման ռազմավարության հիմնական տարրերը հանվում են»:

«Ակնհայտ է, որ ժամանակը ցույց կտա», - ասում է Ստենֆորդի առողջապահական բժշկության ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ Դին Ուինսլոուն: «Իմ հասկացողությունն այն է, որ նրանք չեն հրաժարվում հանրային առողջության բոլոր միջոցառումներից (ինչպիսիք են սոցիալական հեռավորությունը, մեծ հավաքներից զերծ մնալը և այլն), ուստի նրանց արձագանքը կարող է իսկապես համարժեք լինել «երկրորդ ալիքը» կանխելու համար, ինչպես դա եղավ 1918-1919թթ. իսպանական գրիպի համավարակի ժամանակ»:

Բրիտանիայի կայսերական քոլեջի COVID-19-ի արձագանքման խմբի մարտի 16-ի զեկույցը դրդեց Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ կառավարություններին ավելի մեծ ջանքեր գործադրել նվազեցնելու սոցիալական շփումները՝ համավարակի դեմ պայքարը ավելի արդյունավետ դարձնելու համար, նաև նախազգուշացրեց այսպես կոչված «ոչ դեղագործական միջամտությունների» միջոցով արված այնպիսի «ճնշման» ջանքերի, ինչպիսիք են ինքնամեկուսացումը և սոցիալական հավաքների կետերի փակումը։

«Այս մոտեցման հիմնական մարտահրավերն այն է, որ անհրաժեշտ է պահպանել «ոչ դեղագործական միջամտությունները» (և դեղամիջոցները, եթե նրանք առկա են), առնվազն պարբերաբար՝ այնքան ժամանակ, քանի դեռ վիրուսը շրջանառվում է մարդկանց մեջ, կամ մինչև պատվաստանյութը հասանելի դառնա», - ասել է խումբը։

Մայքլ Օսթերհոլմը, ով իր 2017 թվականին լույս տեսած «Մահացու թշնամին. մեր պատերազմը մարդասպան մանրէների դեմ» գրքում նախազգուշացրել էր, որ SARS-ի և MERS-ի նման կորոնավիրուսները «գալիք իրադարձությունների սուրհանդակներն էին», նախորդ շաբաթ այս միջոցները համեմատել է «քամին կանգնեցնելու փորձերի հետ»:

Նա հավելել է. - «Այն, ինչ մենք տեսանք Չինաստանում, ինչի մեջ ես համոզված եմ, ինչպես իմ գործընկերներից շատերը, երբ նրանք հանեն բոլոր այս սոցիալական հեռավորության՝ մարդկանղ շաբաթներով տանը մնալու վերաբերյալ կարգավորումները, ու երբ մարդիկ վերադառնան աշխատանքի, սկսեն նստել ինքնաթիռներ, գնացքներ, օգտվեն մետրոյից, ավտոբուսներից, մարդաշատ վայրեր գնան, վերադառնան գործարաններ, նույնիսկ Չինաստանում կորոնավիրուսը կրկին վերադառնալու է»:

Անդի Հեյլ

XS
SM
MD
LG