Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետի որոշմամբ ՀՀ տարածք մուտք գործելու արգելքից բացառություններ են սահմանվել:
Դրանք վերաբերում են ՀՀ և ՌԴ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում պլանավորված միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող մասնագետների, պատվիրակությունների անդամներին, Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Ռուսաստան արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողներին:
Պարետի մեկ այլ որոշմամբ սահմանվել է նոր ցանկ այն երկրներից, որոնց քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Հայաստան: Այդ երկրներն են` ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Թուրքիա, Իսրայել, Իրան, Կանադա, Կորեա, Ճապոնիա, Նորվեգիա, Շվեյցարիա, Չինաստան, Ռուսաստան, Վրաստան, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից էլ փոխանցում են, որ Հայաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև ՀՀ-ում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը երկրի տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:
ՀՀ քաղաքացիները չեն կարողանա լքել Հայաստանի տարածքը ցամաքով, բացառությամբ բեռնափոխադրող մեքենաների վարորդները:
Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում ՀՀ քաղաքացիները և օտարերկրացիները անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու են հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:
Կորոնավիրուսի համաճարակի բարձր ռիսկային գոտու երկրներից ժամանողների նկատմամբ կիրառվելու են պարտադիր ինքնամեկուսացման կամ հատուկ նախատեսված կարանտինային տարածքներում կարանտինային ռեժիմներ: