Մատչելիության հղումներ

Վերին Լարսում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիները տեղափոխվում են Հայաստան՝ Վրաստանի տարածքով


Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը, արխիվ
Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը, արխիվ

«Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով», - Ֆեյսբուքում գրել է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:՝ շնորհակալություն հայտնելով Վրաստանի և Ռուսսատանի իշխանություններին, Վրաստանում ՀՀ դեսպանին և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսին:

Փոխվարչապետն ընդգծում է, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք:

«Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից», - ասված է Ավինյանի գրառման մեջ:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, իր հերթին, հայտնում է, որ «ՀՀ քաղաքացիների մեկանգամյա տեղափոխումը իրականացվել է 5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով, իսկ ՀՀ քաղաքացիների մարդատար ավտոմեքենաները Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով տեղակայվել են շուրջօրյա վերահսկողություն ունեցող հատուկ կայանատեղիում»:

«Արդեն երրորդ օրն է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը գտնվում էր Վերին Լարսի անցակետում, որտեղ համակարգում էր ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու աշխատանքները, պատասխանում էր ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերին և աջակցում վերջիններիս առջև ծառացած այլ խնդիրների հասցեագրմանը:

Շնորհակալ ենք ճգնաժամային իրավիճակում հայտնված բոլոր այն քաղաքացիներին, որոնք ցուցաբերել են ողջամտություն և ըմբռնում, և դրանով իսկ աջակցել են մեր դիվանագետների աշխատանքին: Կոչ ենք անում նմանատիպ իրավիճակներում հայտնված մեր բոլոր քաղաքացիներին հանդես բերել քաղաքացիական բարձր գիտակցություն, չտրվել առանձին սադրանքների և չխանգարել մեր դիվանագետների աշխատանքը, որը միտված է նախ և առաջ ճգնաժամային իրավիճակի հաղթահարմանը», - ասված է Աննա Նաղդալյանի հայտարարությունում, որը հրապարակել է Արտգործնախարարության տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

XS
SM
MD
LG