Մատչելիության հղումներ

Եվրոպական երկրները խստացնում են կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները


Իտալիա - Ժամանակավոր հիվանդանոցում բուժօգնություն են ցուցաբերում կորոնավիրուսով վարակվածին, Հռոմ, 16-ը մարտի, 2020թ.
Իտալիա - Ժամանակավոր հիվանդանոցում բուժօգնություն են ցուցաբերում կորոնավիրուսով վարակվածին, Հռոմ, 16-ը մարտի, 2020թ.

Եվրոպական երկրները կորոնավիրուսի դեմ պայքարում ավելի խիստ սահմանափակումների են դիմում: Եվրամիության անդամ երկրների պաշտոնյաները երեկ անցկացրած տեսակոնֆերանսում համաձայնել են մի շարք միջոցներ կիրառել, ներառյալ՝ չթույլատրել արտասահմանցիների մուտքը Եվրամիության տարածք:

Խորհրդակցության ժամանակ ընդգծվել է, որ Եվրամիությունն աջակցում է կորոնավիրուսի դեմ գիտական ուսումնանասիրություններին, պատվաստանյութի մշակմանը, տեղեկատվության տարածմանը:

Եվրոպայում ամենածանր վիճակում է Իտալիան, երեքշաբթի օրը կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում աճել է ավելի քան 3 հազար 500-ով: Իտալիայում վարակից մահացության ցուցանիշն ամենաբարձրն է աշխարհում: Երկրի քաղաքացիական պաշտպանության և կորոնավիրուսի դեմ պայքարի արտակարգ հանձնակատար Անջելո Բորելին հայտնել է, որ մարտի 17-ի երեկոյան ժամը 18:00-ի դրությամբ կորոնավիրուսի 31 հազար 506 դեպք է հաստատվել, մահացածների թիվն աճել է՝ հասնելով 2 հազար 503-ի: Բուժվել է 2 հազար 941 հիվանդ:

Իտալիայից հետո, վիրուսը ամենաշատը հիմա տարածվել է Իսպանիայում: Երեկվա տվյալներով՝ այդ երկրում կորոնավիրուսի ավելի քան 11 հազար դեպք է արձանագրվել, 491 մարդ մահացել է, բուժվել է 1000-ից ավելին: Վարչապետ Պեդրո Սանչեսն ասել է, որ տնտեսական իրավիճակը կայունացնելու համար կառավարությունը մի շարք միջոցների կդիմի, այդ թվում՝ 200 միլիարդ եվրոյի փաթեթ համաճարակի դեմ պայքարելու համար: Իսպանիայի պատմության մեջ հիվանդությունների դեմ պայքարում սա ամենամեծ ներդրումն է: Պեդրո Սանչեսը նաև հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և շնորհակալություն հայտնել իր երկրին ցուցաբերած բժշկական օգնության համար:

Համաճարակից ձերբազատվող Չինաստանը հիմա սկսել է օգնություն ցուցաբերել այլ երկրների:

Երեքշաբթի օրը մամուլի ասուլիս է տվել նաև Բրիտանիայի կառավարությունը՝ խոստանալով 330 միլիարդ ֆունտ ներդնել կորոնավիրուսի ազդեցությունը երկրում մեղմելու համար:

XS
SM
MD
LG