Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հիմնավորեց՝ սննդամթերքի թանկացումը կապված է, իր ձևակերպմամբ, խուճապային ու ճգնաժամային գնումների հետ։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում նման գնումներ չանել: Վստահեցնում է՝ խանութները որևէ ապրանքի պակասություն պահեստներում չունեն։
Այս օրերին խոշոր սուպերմարկետների առևտուրը, ըստ վարչապետին հասած տեղեկության, աճել է միջինը 30-ից 40 տոկոսով, իսկ փոքր կրպակներինը՝ նվազել։ Վարչապետի կոչն է փոքր և միջին բիզնեսի մասին չմոռանալ։
«Ես հասկանում եմ, որ սուպերմարկետներից շատ ավելի է հարմար է առևտուր անել, բայց նաև այսօր բազմաթիվ ապրանքներ կան, մեծ ծավալի ապրանքներ են կուտակված փոքր և միջին կրպակներում, և փոքր ու միջին կրպակները զարմանալիորեն ապրանքն սպառելու պրոբլեմ ունեն», - նշեց նա:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ևս հաստատում է՝ երկիրն ապահովված է անհրաժեշտ քանակի սննդամթերքով, այս օրերին հիմնականում ամենաշատը սպառվել է նպարեղենը: Իսկ ի՞նչ է անում պետությունը, որ սպառման ծավալների հետ զուգահեռ գնաճ չլինի, «Ազատությունը» հետաքրքրվեց ՏՄՄՊՀ նախագահից։
«Գների վերահսկողությունը, կարծում եմ, բացի մոնիթորինգից մենակ պաշարների անդադար ապահովումն է, որ հանկարծ դիֆիցիտ չլինի, դիֆիցիտի պարագայում գները չբարձրանան, հիմա, այս պահին հավաստիացնում եմ` նման խնդիր չունենք», - նկատեց նա:
Գեղամ Գևորգյանը համոզված է, որ գնումների բումը նվազելու է։
Այս օրերին ֆինանսական շուկայի վիճակը կայուն է, վստահեցնում է վարչապետ Փաշինյանը։ Կրկնում է՝ հայաստանյան ֆինանսական շուկան շատ ուժեղ է. - «Մանավանդ անցած տարվա մեր ցուցանիշներից հետո, երբ մեր միջազգային պահուստները հասցրել ենք աննախադեպ բարձր, ռեկորդային մակարդակի, և Կենտրոնական բանկն էլ աննախադեպ, մեծ ծավալի արտարժույթ է գնել և պահուստավորել, այնպես որ այսպես մենք խնդիր չենք ունենալու»:
Իսկ ի՞նչ տնտեսական քաղաքականություն է վարելու կառավարությունն այս իրավիճակում, Փաշինյանն ԱԺ-ում երեկ ասածն է կրկնում՝ կառավարությունը դեմ է տնտեսական նպաստի տրամաբանությանը. - «Մենք տնտեսական նպաստ, սոցիալական նպաստի զուգահեռ եմ այդ անունը ձևակերպում, պետք է ոչ թե տնտեսական նպաստ տանք, տնտեսությանը սոցիալական նպաստ տանք, որը նրան կթուլացնի, մենք պետք է ամեն ծախսվող կոպեկի, լումայի հիմքում դնենք զարգացման ծրագիր, մենք պետք է համոզվենք, որ այդ աջակցության արդյունքում ընկերությունները, բիզնեսը դառնալու են ավելի մրցունակ, ավելի ուժեղ»:
Վարչապետը վստահեցնում է` բոլոր ուղղություններով իրավիճակը վերահսկելի է. - «Ես համոզված եմ, որ մենք այս իրավիճակից դուրս ենք գալու հաղթած, ուժեղ, շատ ավելի հպարտ, շատ ավելի հզոր, շատ ավելի կենսունակ, շատ ավելի մրցունակ, շատ ավելի գրագետ»: