Նոր կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել աշխարհի արդեն 114 երկրներում՝ դրանց 90 տոկոսը՝ Չինաստանում՝ գրեթե 81 հազար, Իտալիայում՝ 12,5 հազար, Իրանում՝ մոտ 9 հազար, և Հարավային Կորեայում՝ մոտ 8 հազար:
Չինաստանում և Հարավային Կորեայում օրեցօր նվազում է նոր դեպքերի թիվը, Չինաստանում կարանտինը փոքր-ինչ թուլացրել են, բայց դա չի վերաբերում համաճարակի էպիկենտրոն Ուհանին:
Միայն Իտալիայում վերջին մեկ օրվա ընթացքում 196 մարդ է մահացել՝ մահացածների ընդհանուր թիվը հասել է 827: Վարչապետ Ջուզեպե Կոնտեի կառավարությունը նոր սահմանափակումների մասին է հայտարարել. երկրում բոլոր խանութները փակ են՝ բացառությամբ դեղատների և սննդի խանութների:
Այլ երկրների իշխանությունները փորձում են դանդաղեցնել վիրուսի տարածումը: Հնդկաստանը չեղյալ է համարում գրեթե բոլոր տրված վիզաները և փակում է Մյանմարի հետ սահմանը, Ուկրաինան, որտեղ վարակի ընդամենը մեկ գրանցված դեպք կա, փակում է դպրոցները և սահմանափակում հանրային միջոցառումները:
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները 30 օրով փակում է սահմանները Եվրոպայից ժամանողների համար: Սահմանափակումը կսկսի գործել ուրբաթ կեսգիշերից, դրանք չեն վերաբերվում Մեծ Բրիտանիային:
Ռուսաստանը, որտեղ վերջին մեկ օրվա ընթացքում 8 նոր դեպք է գրանցվել, սահմանափակում է չվերթները դեպի Իտալիա, Իսպանիա, Գերմանիա և Ֆրանսիա: