Մատչելիության հղումներ

Շիրակի դատարաններում քրեական գործերի քանակը փաստաբաններին լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել


Դատարաններում քննվող թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերի քանակը փաստաբաններին լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել: Վերջիններս ահազանգում են, որ մի քանի րոպեում կայացվելիք դատական ակտին քաղաքացին սպասում է ամիսներով:

Փաստաբաններն իրենց պրակտիկայում ունեն դեպքեր, երբ հայցվորը կամ պատասխանողը մահացել է, այդպես էլ դատական ակտը չհասցնելով տեսնել:

«Մեկը մահացավ, մայրն էր, վեց ամիս կասեցվեց, որ որդին ժառանգություն ընդունի, իրավահաջորդ հանդես գա, վեց ամիս հետո իրավահաջորդ ճանաչվեց, դրանից հետո երկար ժամանակ էլի չլսվեց, մինչև նշանակեցին՝ որդին էլ մահացավ», - ասաց իրավապաշտպաններից մեկը։

Դատարաններում ծանրաբեռնվածության պատճառներից մեկն էլ այն է, որ տևական ժամանակ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները չէին համալրվում: Հիմա նրանց կազմը համալրված է, բայց դատավորներ կան, որ 2-3 հազար գործ են քննելու: Օրենքով էլ դատական վարույթի ողջամիտ ժամկետներ են սահմանվել, սակայն, օրինակ՝ ամուսնալուծվողը 3 ամսվա փոխարեն սպասում է տարուց ավելի: Փաստաբան Աննա Դավթյանն ասում է, որ խնդիրը Շիրակի մարզում գագաթնակետին է հասել:

«Մենք ունենք գործեր, չեմ ուզում անվանական նշել կոնկրետ դատավորների անուն-ազգանուններ, բայց ունենք գործեր, որ հոկտեմբեր ամսից, նոյեմբեր ամսից մենք արդեն ներկայացրել ենք գործը դատարան. և փառք Աստծու, հիմա կա «Դատալեքս» համակարգ, որ կարող ենք հետևել գործի ընթացքին, նայում ենք, որ իրոք գործը դատանում է, սակայն այդ գործի ճակատագիրն անորոշ է։ Այսինքն՝ հետ վերադարձնելու կամ հայցը վարույթ ընդունելու մասին որոշումներ չկան», - նշեց Դավթյանը։

Փաստաբան Սուսաննա Մխիթարյանն էլ հավելում է, որ այս իրավիճակը անվստահություն է առաջացնում ոչ միայն փաստաբանների, այլ նաև հենց դատարանների նկատմամբ, միևնույն ժամանակ քաղաքացիների իրավունքներն են ոտնահարվում: Փոփոխված Քաղաքացիական դատավարության օրենսգրքով պիտի թեթևացվեր դատարանների ծանրաբեռնվածությունը, սակայն հակառակն է տեղի ունեցել, պնդում է Սուսաննա Մխիթարյանը:

«Իբր ժամկետներ սահմանելով դատավորների բեռը թեթևացնի, բայց մի բան էլ ավելացավ, որովհետև ցանկացած մի շարժի համար դատարանը պարտավոր է որոշում կայացնել։ Նոր օրենսգրքով բարդացել է», - ասաց Մխիթարյանը։

Փաստաբաններից Հայկ Հարությունյանն էլ կատակում է, թե գործը քննող դատավորի անունը երբ հայտնի է դառնում, հասկանում են՝ գործը շո՞ւտ կավարտվի, թե՞ գուցե տարիներով ձգձգվի: Փաստաբանը դատավորների ծանրաբեռնվածությունը նաև ռիսկային է համարում, չի բացառում նաև կոռուպցիոն դրսևորումներ:

«Այդ նույն դատավորները կարող են օգտվել այդ հանգամանքից և արագ ու ուշ նշանակել, և որևէ մեկը չի կարող իրենց ասել, թե այս նիստն ինչո՞ւ ուշ նշանակեցիր, այս նիստը շուտ նշանակեցիր։ Այսինքն՝ այդ վերահսկողության համակարգը չունի», - ընդգծեց Հարությունյանը։

Հայկ Հարությունյանի կարծիքով՝ այս իրավիճակում սուբյեկտիվ պատճառներն ավելի շատ են, քան օբյեկտիվ: Առաջարկում է՝ գնալ դատարան ու տեսնել, թե քանի դահլիճում է դատական նիստ ընթանում: «Հիմա գնանք մեր դատարաններ, կարող ենք վստահ ասել, որ դահլիճներից ընդամենը մեկը կաշխատի կամ չի աշխատի, մեկը կամ երկուսը, ամեն օր նույն վիճակն է։ Այնպես չի, որ դատավորները ծանրաբեռնված աշխատում են, չեն հասցնում», - ասաց փաստաբանը։

Կան ակտեր, որոնք կարող են նաև նոտարները կայացնել, սակայն, ըստ փաստաբանների, վերջիններս խուսափում են:

Քաղաքացին այս անորոշ ձգձգումների պատճառով հաճախ հրաժարվում է իր իրավունքները պաշտպանել դատարանում: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դատական նիստեր հիմա նշանակում է 2021 թվականի օգոստոսից հետո:

Առաջարկում են որպես լուծում, օրինակ՝ բանկերի հետ կապված հայցերը քննի առանձին դատավոր, կամ ստեղծվեն մասնագիտական դատարաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG