Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ի հրապարակած ցուցակը մտահոգություններ է առաջացրել քաղաքացիների շրջանում


Նախկին ընտրություններում ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի, հիմա էլ գործող իշխանության «Այո»-ի հանձնաժողովում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցակը մտահոգել է որոշ քաղաքացիների։

Ակտիվիստ Միհրան Մխիթարյանն ուսումնասիրել ու պարզել է, որ խորհրդարանական ընտրություններին Հանրապետականին ու Դաշնակցությանն աջակցած հանձնաժողովականներն այս հանրաքվեին իշխանության ներկայացրած ցուցակներում են հայտնվել. - «Այդ մարդիկ ոչ թե մեկն էին, տասը կամ քսանը... ավելի քան 500 անձ, ինչը, ըստ իս, լուրջ վտանգում է գալիք ընտրություններում տեղամասերում օրինական ընտրություններ անցկացնելու շանսերը»։

Մխիթարյանը պնդում է, թե նույն այդ անձանց մի մասը նախկին իշխանությունների օրոք մասնակցել է ընտրակեղծարարությանը. - «Հրապարակվում են տեսանյութեր. մարդիկ, որոնք նկատմամբ նախկինում հարուցվել են քրեական գործեր ընտրատեղամասերում կեղծիք կատարելու մասով, և այդ մարդիկ այսօր հայտնվել են «Այո»-ի հանձնաժողովի անդամների կազմում»։

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունում վստահ են, որ իրենց ներկայացրած ցուցակում ընտրակեղծարարներ չկան։ Երկու հոգի, ովքեր նախկինում դիտորդների ուշադրության կենտրոնում են եղել, կհեռացվեն։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, սակայն, անընդունելի է համարում ջրբաժան մտցնելը. - «2018 թվականին ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ցուցակում եղել ա... ու ասում են ընտրակեղծարար։ 2018 թվականի ընտրությունները կազմակերպած անձին, որը որ էդ ընտրությունները օրինական է եղել, ինչ-որ մեկը իրան իրավունք ա վերապահում ասի ընտրակեղծարար»։

Ընտրակեղծարարությունը իշխող ուժում հիմա էլ են բացառում։ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյանն այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարից հետաքրքրվեց, թե արդյոք ստուգվում են այն հայտարարությունները, թե մարզպետները համայնքապետերին հրավիրում են իրենց մոտ և հրահանգում, որ «Այո»-ի օգտին աշխատեն։ Սուրեն Պապիկյանը բացառեց, թե իշխող ուժից նման հրահանգ կարող է լիներ. - «Սա չի ենթադրում, որ այս ճանապարհին մենք պաշտպանվելով պետք ա ասենք՝ չէ, ժողովուրդ ջան, եթե դու համայնքապետ ես, հանկարծ հոգու խորքում չուզենաս, որ սահմանադրական փոփոխությունները հաղթեն»։

Հովակիմյանը լուրջ չի վերաբերում նաև հակառակ քարոզչական կողմի՝ «Ոչ»-ի ճամբարին վերաբերող տեղեկություններին, թե դրա ներկայացուցիչները կաշառք են բաժանում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ևս դա իրականությանը մոտ չի համարում. - «Որևիցե զանգվածային կամ պարբերական բնույթ կրող ընտրակեղծարարություն, այդ թվում ընտրակաշառքի բաժանում, ուղղակի լինել չի կարող։ Ոչ մեկ գլխից ձեռք չի քաշել, և ես կարծում եմ՝ նաև «Ոչ»-ի շտաբում»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց. - «Այսպես կոչված հանրաքվեում դրված հարցի ընդդիմացողները ամեն ձև շահագրգռված են, որպեսզի տապալվի, և ազատ և արդար ընտրություններ չլինի։ Բայց ես սրանով չեմ ուզում պատասխանատվությունը միայն իրանց վրա քցել»։

Սաքունցի կարծիքը միանշանակ չէ հարցին. նա չի բացառում ո՛չ «Ոչ-ի, ո՛չ էլ «Այո»-ի ճամբարների կողմից ընտրական իրավախախտումները. - «Ազատ և արդար այդ քվեարկության բուն պատասխանատուն լծակների տիրապետման առումով իշխանությունն է։ Դու պետք է ապահովես։ Կանխելու «Այո»-ի կողմնակիցների կողմից հնարավոր խախտումները, և միաժամանակ էլ «Ոչ»-ի կողմնակիցների կողմից այդ պրոցեսը խաթարել»։

«Ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենքհամացանցում պտտվող տեղեկությունը կեղծ օրակարգ են համարում, և չեն էլ ցանկանում մասնակցել նման քննարկումների. - «Ինչ-որ շրջանակներ փորձում են օրակարգ ձևավորել հենց այս ակնհայտ կեղծ հարցի շուրջ։ Մենք դրան չենք մասնակցելու։ Մեզ համար շատ տարօրինակ է, որ այդպիսի քննարկում է իրականացվում, որովհետև իրավապահ մարմինները բոլոր հնարավորություններն ունեն պարզելու։ Մենք յուրաքանչյուր դեպքում առանձին-առանձին պահանջում ենք, որպեսզի իրավապահ մարմինները քրեական գործեր հարուցեն»։

Թե որ շրջանակներից են նման տեղեկություններ տարածքում իրենց մասին, Մելիքյանն անուններ չտվեց։

Իսկ Գլխավոր դատախազությունը «Ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչների կողմից կաշառք բաժանելու վերաբերյալ հրապարակումներից երկուսն արդեն ուղարկել է Ոստիկանություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG