Մատչելիության հղումներ

Խորհրդարանում մեկնարկեց դատաիրավական բարեփոխումների օրինագծերի փաթեթի քննարկումը


Ազգային ժողովն այսօր սկսեց քննարկել դատաիրավական բարեփոխումների նախագծերի փաթեթը, որով փորձ է արվում դատական համակարգի խորքային խնդիրները լուծել և դատական համակարգի հանդեպ վստահությունը բարձրացնել:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյան. - «Հասկանալի է, որ առաջարկվող փոփոխությունների և լրացումների փաթեթը չի ապահովի ամբողջական դատական համակարգի զտումը, սակայն այն գործիքակազմը, որն առաջարկվում է Դատական օրենսգրքով, հնարավորություն կտա հետագայում բացառել դատական համակարգում այն արատավոր երևույթները, որոնց մասին բոլորս քաջատեղյակ ենք»։

Առաջարկվող նորամուծություններից է դատավորի թեկնածուների հավակնորդների ընտրության կարգը։ Ընտրության ժամանակ հաշվի է առնվելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվովի տված եզրակացությունը հավակնորդի բարեվարքության վերաբերյալ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգելու է նաև հավակնորդների գույքային դրությունը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան. - «Ինչը ենթադրում է նախկին դատավորի գործունեության մի շարք հարցերի հետ կապված եզրակացություն, կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նախկին աշխատանքային պարտականությունների կատարման վերաբերյալ, և թեկնածուների հավակնորդները հարցաթերթիկ են լրացնելու գույքային որոշակի դրության հետ կապված, որը կրկին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կարող է ուսումնասիրության առարկա դառնալ»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց՝ ըստ օրինագծի, Բարձրագույն դատական խորհրդի արդեն ընտրված նախագահը օրենքի ընդունումից հետո էլ շարունակելու է պաշտոնավարել մինչև իր ժամկետի ավարտը։ Մինչդեռ, ի տարբերություն գործող օրենքի 5-ամյա ժամկետի, նոր կարգավորումներով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի համար 2,5 տարվա պաշտոնավարման ժամկետ է սահմանված: Ինչպե՞ս է ստացվում, որ ԲԴԽ նախագահը կարող է շարունակել իր ժամկետը, իսկ սահմանադրական դատարանի նախագահը՝ ոչ:

«Հիմա Սահմանադրական դատարանի մասով մենք ասում ենք, որ նոր Սահմանադրությամբ այլ ժամկետներ են նախատեսված եղել, բայց հին նշանակված ժամկետներով շարունակում են։ Եվ սա վատ ա։ Հիմա էստեղ ինչո՞ւ ենք հին ժամկետը թողնում», - հարցրեց Մարուքյանը։

Բադասյանի պատասխանը. - «Իրականում բոլորովին տարբեր իրավիճակների հետ գործ ունենք։ Սահմանադրությամբ սահմանվել է Սահմանադրական դատարանի բոլորովին նոր մոդել։ Բարձրագույն դատական խորհրդի նոր մոդել չի սահմանվում՝ չենք սահմանում Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման նոր կարգ, չենք փոխում այն մարմինները, որոնք մասնակցում են Բարձրագույն դատական խորհրդի կազմավորմանը։ Դրույթ է, որով ուղղակի փոխվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Եվ մենք կարգավորում ենք, որ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի վրա չի տարածվում դա»։

ԲՀկ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բարձրացրեց դատավորների ծանրաբեռնվածության հարցը: Շատ խնդիրներ դատական համակարգում նաև հենց այն պատճառով են, որ մի դատավորը տարվա ընթացքում հարյուրավոր գործեր է քննում, և այդ պատճառով հաճախ խախտվում են գործի քննության ողջամիտ ժամկետները.- «Լավ է, որ մտահոգ եք դատական ապարատի նկատմամբ պատշաճ վերահսկողության հարցում, բայց, օրինակ, ե՞րբ է գալու այն գեղեցիկ օրը, որ մտածեք մի բան անեք դատավորների ծանրաբեռնվածությունը թոթափվի։ Այսօր դատավորները, դատարանները աշխատում են գերծանրաբեռնված, ինչն էլ ազդում է գործերի քննության ողջամիտ ժամկետների վրա»։

Արդարադատության նախարարն ասաց, որ արդեն իսկ քայլեր են կատարում դատարանների ծանրաբեռնվածությունը պակասեցնելու համար. ավելացնելու են դատավորների թիվը, փորձելու են ֆինանսական խնդիրներին վերաբերող գործերի քննությունը հնարավորինս առանձնացնել, նաև պարզեցնել ճանապարհային ոստիկանության ակտերի քննությունը: Արդեն իսկ կառավարություն է ներկայացվել նախագիծ, որը առաջարկում է այդ գործերի քննությունը հիմնականում գրավոր անցկացնել, և վարչական մարմինների կողմից դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությունը վերացնել:

Բադասյանը հավելեց. - «Ասեմ, որ վարչական դատարանում գործերի կարծես թե 70-80 տոկոսը հենց նման ակտերի քննությունն է։ Սա մեծապես կբեռնաթափի»։

Հարցի քննարկումը կշարունակվի նաև վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG