Մատչելիության հղումներ

«Ուզում ենք տեսնել և՛ վիզաների դյուրացման, և՛ հետընդունման համաձայնագրերի արդյունավետ կիրարկումը», - շեշտում է ԵՄ դեսպանը


Վիզաների դյուրացման ուղղությամբ առաջընթաց կարձանագրվի, վստահեցնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Վիզաների ազատականացման թեմայով «Ազատություն»-ը զրուցել է Եվրամիության դեսպանի հետ.

«Ազատություն». - Շնորհակալություն այս հնարավորության համար։ Սկսենք թերևս ամենակարևոր, ամենահետաքրքիր հարցից։ Երկար ժամանակ է արդեն, որ Հայաստանը սպասում է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին։ Գիտենք, որ ինչ-որ բանակցային գործընթաց կա, սակայն արդյո՞ք շատ հեռու ենք հենց ուղիղ երկխոսությունից։

Անդրեա Վիկտորին. - Ինչպես գիտեք, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հնարավորությունը նախատեսված է CEPA-ում (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում)։ Եվ այստեղ ասվում է, որ երկխոսությունը կարող է սկսվել այն ժամանակ, երբ համապատասխան պայմաններ ապահովվեն, ինչը նշանակում է, որ մենք ուզում ենք տեսնել և՛ վիզաների դյուրացման, և՛ շատ ավելի կարևոր հետընդունման՝ ռեադմիսիայի մասին համաձայնագրերի արդյունավետ կիրարկումը։ Եվ մենք քաջատեղյակ ենք, որ Հայաստանն ամբողջությամբ զբաղվում է հետընդունման համաձայնագրի պարտավորությունները կատարելով։ Գիտենք, որ Արտգործնախարարության նախաձեռնությամբ լրջագույն հանդիպումների, քննարկումների շարք է սկսվել փորձագետների հետ։ Մենք ողջունում ենք ԵՄ անդամների հետ ուղիղ խոսելու այս նախաձեռնությունը, ինչը թույլ է տալիս բացատրել՝ ինչ է անում այս ուղղությամբ Հայաստանը։ Այսպիսով, հնարավորություն կա, Հանձնաժողովը տեսնում է այսպիսի երկխոսություն սկսելու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, սա մի որոշում է, որ պետք է ընդունվի Եվրոպական խորհրդում՝ ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից։ Եվ մենք հույս ունենք, որ շուտով կհասնենք մի կետի, երբ ԵՄ անդամները կհամաձայնեն սկսել այդ երկխոսությունը։

«Ազատություն». - Դուք խոսեցիք ռեադմիսիայի մասին։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները վստահեցնում են, որ եթե Հայաստանը լուծի ապաստան փնտրողներ հարցը, երկխոսությունը կսկսվի։ Մենք գիտենք, որ Հայաստանի կառավարությունը փորձագետների խումբ է ստեղծել, որը հենց ապօրինի միգրանտների հարցով է զբաղվում։ Պատվիրակությունը վերջերս է վերադարձել Չեխիայից։ Հետաքրքիր վիճակագրություն մեզ ներկայացրին։ Ըստ Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալների՝ 2018 թվականին ԵՄ-ում հայտնաբերված շուրջ 600 հազար ապօրինի միգրանտներից 2 հազար 325-ը Հայաստանից են, այսինքն՝ ընդամենը 0,4 տոկոսը, ինչը, ըստ մասնագետների, մեծ ցուցանիշ չէ։ 2019-ին ԵՄ երկրներից ստացվել է 1444 ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ռեադմիսիոն հայց։ Ի՞նչ կասեք այս վիճակագրության մասին։ Սա առաջընթա՞ց է։

Վիկտորին. - Սա միանշանակ մի քայլ առաջ է։ Մենք տեսնում ենք, որ թվերը նվազում են։ Այդ պատճառով, Հանձնաժողովն ընդունում է Հայաստանի կառավարության գործադրած բոլոր ջանքերը։ Եվ հենց այդ պատճառով մենք աջակցում ենք այս գաղափարին։ Կարծում եմ, որ մի քանի անդամ երկրներ են մնացել, որոնք որոշ մտահոգություններ ունեն։ Եվ հարցը հենց այս ԵՄ անդամ երկրներին համոզելն է։ Ես գիտեմ, որ իրոք շատ դրական, համագործակցային մոտեցում կար, օրինակ՝ անդամ երկրների հետ քննարկումներ կային, թե ինչպես նվազեցնել այն մարդկանց թիվը, որոնք առողջական խնդիրների պատճառով են մնում։ Մենք հիմնականում երկու պատճառ ենք տեսնում՝ մեկը բանակի հետ կապված խնդիրներն են, մյուսը՝ առողջապահական հարցերը։ Ինչպես ինձ տեղեկացրել են, Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամների հետ քննարկել՝ ինչ հիվանդություններ հնարավոր կլինի բուժել հենց Հայաստանում, որպեսզի չլինեն այնպիսի դեպքեր, երբ մարդկանց հայրենիք վերադարձնեն՝ վտանգելով նրանց կյանքը։ Կարծում եմ՝ սա շատ դրական և կարևոր հաղորդագրություն է, որը պետք է հնարավոր լինի ներկայացնել բոլոր անդամներին, այժմ 27 այդ երկրներին։

«Ազատություն». - Մենք գիտեք, որ մեր ապօրինի միգրանտների մեծ մասն, իրոք, բժշկական խնդիրներով են այնտեղ, և այդ պատճառով է այս գործընթացը ձգձգվում։ Թերևս հիշում եք նաև, որ Գերմանիայում Նիկոլ Փաշինյանը խոսեց վիճակագրական լավ տվյալների մասին։ ԵՄ անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը 2018 թվականից հետո կտրուկ, կրկնակի նվազել է։​

Վիկտորին. - Դա ցույց է տալիս, որ մարդիկ զգում են՝ կարող են մնալ Հայաստանում, ինչը դրական տեղաշարժ է։ Քաղաքացիները համոզված են, որ իրավիճակը Հայաստանում կփոխվի դեպի ավելի լավը, որովհետև դուք նաև տնտեսական խնդիրների պատճառով եք հայրենիքից հեռանում։ Ես գիտեմ, որ հայերը սիրում են իրենց երկիրը, և կարծում եմ, որ սա սեփական կառավարության վստահության նշան է, այն բարեփոխումները, որոնք հիմա իրականացվում են միասին, ավելի բարենպաստ պայմաններ կստեղծեն այս երկրի քաղաքացիների համար։​

«Ազատություն». - Այո, հայերը սիրում են իրենց երկիրը, կարոտում են դրսում։ Եվ որպես մեկ այլ առավելություն ես կցանկանայի նշել, որ միջազգային կառույցների վերջին զեկույցներում՝ Human Rights Watch, Democracy Index, Հայաստանը բավականին լավ ցուցանիշներ ունի։ Կարո՞ղ է սա ևս որպես կարևոր գործոն դիտարկվել բանակցային գործընթացը սկսելու համար։

Վիկտորին. - Ավելորդ է անգամ ասել, որ վիզաների ազատականացման համաձայնագիրը կապված է նաև բարեփոխումների գործընթացի հետ։ Եվ, այսպես ասենք, նաև կապված է ձեր երկրում օրենքի ուժի, մարդու իրավունքների և ժողովրդավարության իրականացման հետ։ Սրանք բոլորը դրական քայլեր են։ Կարծում եմ՝ մենք պետք է միավորվենք հիմա որոշ այլ ոլորտներում ևս բարեփոխումներ իրականացնելու համար, ես ընդգծեցի դատական համակարգի բարեփոխումները, որ կարևորագույններից ու որոշիչներից են։ Տեսեք, վիզաների ազատականացման համաձայնագիրը հնարավորություններ է տալիս, բայց նաև պարտավորություններ է սահմանում։ Եվ այո, ես կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք։

«Ազատություն». - Նախօրեին Դուք Ազգային ժողովում էիք, որտեղ խոսեցիք ճանապարհային քարտեզի մասին։ Խնդրում եմ որոշ փակագծեր կբացե՞ք՝ ի՞նչ ճանապարհ եք Դուք տեսնում։

Վիկտորին. - Երեկ ես խոսեցի մեծ ճանապարհի մասին, որը նշանակում է CEPA-ի ճանապարհային քարտեզի իրականացում։ Սա այն է, թե որ ոլորտներում է Հայաստանի կառավարությունը սկսել բարեփոխումները, և հետո քայլ առ քայլ ինչպես ենք մենք միասին դրանք շարունակում։ Ընդ որում` այդ ոլորտների առաջնահերթությունը Հայաստանն է որոշում, իսկ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին այս գործընթացում։

Եթե խոսենք վիզաների ազատականացման հարցի շուրջ, ե՞րբ մենք պետք է սկսենք երկխոսությունը։ Պետք է իրատեսական մոտեցում ցուցաբերել՝ դա երկար ժամանակ է պահանջում, տարիներ, և դա ցույց է տալիս նաև այլ երկրների օրինակը։ Բայց մենք պետք է նաև քննարկենք վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը՝ կենսաչափական անձնագրերից սկսած մինչև սահմանների կարգավորում։ Նաև, իհարկե, միգրացիայի, հասարակական կարգի և անվտանգության հարցը։ Սրանք կարևոր տարրեր են, և հենց երկխոսության մեկնարկին պետք է քննարկենք այս գործողությունների ծրագիրը, ինչին կհաջորդի արդեն համաձայնագիրը։

«Ազատություն». - Ի դեպ, Դուք ակնարկեցիք դատական բարեփոխումները։ Հենց հիմա մեր երկիրն այդ ուղղությամբ է շարժվում, չե՞ք կարծում։

Վիկտորին. - Այո, տեսնում եմ։ Կան գուցե մարդիկ, որոնք այլ կարծիքի են, բայց ես իրոք վստահ եմ, որ դատական բարեփոխումների տեսանկյունից առաջընթաց կա։ Եվ շարունակեմ, որ մեր համագործակցության շրջանակում Եվրամիությունն օգնում է Հայաստանին մի շարք հարցերում՝ և՛ միգրանտների վերադարձի, և՛ սահմանների կարգավորման։ Մասնավորապես, մենք կվերանորոգենք, կարդիականացնենք, կերկարացնենք Մեղրիի սահմանային անցակետը։ Այսպիսով մենք համագործակցում ենք, սակայն սա հետո թղթին կհանձնվի։

«Ազատություն». - Պարզապես մեր նախկին իշխանությունները վիզաների ազատականացման երկխոսության մասին խոսելիս նշում էին 2020 թվականը։ Մենք արդեն 2020-ում ենք, և ....

Վիկտորին. - Տեսեք, միջազգային բանակցությունների դեպքում երբեք ոչնչում վստահ լինել չեք կարող։ Իմ կյանքում իրավիճակներ են եղել, երբ վստահ եմ եղել, որ ահա բանակցությունները վերջացան, հիմա ստորագրում ենք, և հանկարծ ինչ-որ բան է ի հայտ գալիս։ Այնպես որ, ես շատ զգուշավոր եմ խոսում ժամանակացույցի մասին։ Հայաստանը բավականին հավակնոտ է, հարևաններից արագ է ուզում լինել։ Դե կհետևենք իրավիճակին։

«Ազատություն». - Դե մենք ճամփորդել սիրում ենք։

Վիկտորին. - Այո, այո։

«Ազատություն». - Եվ վերջին հարցը։ Կորոնավիրուսը մոլեգնում է ԵՄ տարածքում։ Կարո՞ղ է արդյոք այս վարակը ինչ-որ ազդեցություն ունենալ միգրացիոն քաղաքականության վրա։

Վիկտորին. - Ես կառանձնացնեի այս հարցը։ Հենց նոր Արտգործնախարարությունում հանդիպումից եմ գալիս, ողջունելի է, որ կառավարությունն իրազեկում է դիվանագիտական հանրությանը իրավիճակի մասին։ Վարակները, հիվանդությունները սահման չեն ճանաչում։ Պետք է համագործակցել, միջազգային հանրությունը ևս համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներքո։ Իհարկե, վախի խնդիր էլ կա, մարդկանց պետք է պարզապես իրազեկել՝ ինչպես հաղորդակցվել վարակներից խուսափելու համար։ Պետք է նաև շատ զգույշ լինենք ատելության խոսքից, մարդիկ իրենց արտաքին տեսքի համար հարձակման չենթարկվեն։

«Ազատություն». - Ռասայական խտրականությունը նկատի ունեք։

Վիկտորին. - Այո, հենց դա։ Շատ կարևոր է հիստերիայի մեջ չընկնել, բայց միևնույն ժամանակ բաց տեղեկատվություն տրամադրել բոլորին, տեղեկատվական արշավ սկսել։ Կարծում եմ, յուրաքանչյուր երկիր ինքն է քայլ առ քայլ որոշում՝ ինչպես դիմակայել։ Ես տպավորություն ունեմ, որ Հայաստանի իշխանությունը լուրջ է այս ամենին վերաբերվում, այնպես որ շնորհակալ եմ, որ տեղեկատվություն տրամադրում են դիվանագիտական հանրությանը։

«Ազատություն». - Շնորհակալություն հարցազրույցի համար։

XS
SM
MD
LG