Մատչելիության հղումներ

ՀՀ-ում մեկնարկել է գյուղատնտեսական ապահովագրության ծրագրի փորձարկումը


Շիրակի մարզում այս տարի առաջին անգամ կփորձարկեն գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը։ Կարկուտից կապահովագրվեն ցորենի և գարու ցանքատարածությունները, նաև՝ խնձորի ու դեղձի այգիները։ Երեք ապահովագրական ընկերություն արդեն ցանկություն է հայտնել մասնակցել ծրագրին՝ պետության հետ 50:50 հարաբերակցությամբ։

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանի փոխանցմամբ՝ գյուղացին էլ որպես ապահովագրական վճար մեկ հեկտարի համար պետք է 10-20 հազար դրամ վճարի։ Մանուկյանը, ով նաև գյուղատնտեսությամբ է զբաղվում, ասում է, որ պարտադիր ապահովագրելու է իր ցանքատարածությունը, քանի որ կարկուտի դեպքում գոնե կատարած ծախսը կփոխհատուցվի:

«Ես ունեմ հիմա ցանած ցորեն, եթե կարկուտ տեղա, այն միջին բերքը, որ ես ամեն տարի ստանում եմ՝ մոտավորապես 2-3 տոննայի սահմաններում եմ ստանում, Աստված չանի, որ կարկուտ գա, այն միջին գումարը, որ ես պետք է ստանայի իմ այդ հողակտորից, փաստորեն, ապահովագրական գործակալությունը այդ գումարը լրիվությամբ ինձ փոխհատուցում է», - ասաց Մանուկյանը։

Շիրակի մարզի գյուղացիները անցած տարի կարկուտից 3 մլրդ դրամից ավելի վնաս կրեցին: Կառավարության տրամադրած փոխհատուցումը կրած վնասի համեմատ չնչին էր:

«Ընդհանուր փոխհատուցված գումարը կազմեց մոտ 233 միլիոն դրամ, փոխհատուցում իրականացվեց մարզի համայնքներին՝ 55 համայնքի տրվեց մասնակի փոխհատուցում, որը եթե համեմատես կրած վնասի և փոխհատուցման՝ չնչին՝ վնասի 4 տոկոս, վնասի 5 տոկոս, այդ թվերն արդեն ցույց են տալիս, թե ինչ կարգով է փոխհատուցումը եղել», - նշեց Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը։

Շիրակ գյուղի ցանքատարածությունները անցած տարի 2 անգամ կարկտահարվեցին, վնասն էլ 75-100 տոկոս կազմեց: Մեկ հեկտարի հաշվով կառավարությունը 30 հազար դրամ փոխհատուցեց, սակայն կրած վնասները մի քանի տասնյակ անգամ գերազանցում էին: Գյուղում լսել են, որ ապահովագրական համակարգ է ներդրվելու:

«Էս տարի ապահովագրելու եմ, որովհետև մեր մոտ հակակարկտային կայան քիչ կա, մի հատ կա գյուղում, համայնքում դրված, էդ էլ էս տարի են դրել, անցած տարի կարկուտից հետո։ Շատ լավ կլինի, եթե տենց բան լինի», - ասաց գյուղի բնակիչներից մեկը։

Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանն ասում է՝ ինքը կապահովագրի, բայց գյուղում ոչ բոլորն են ցանկանում մասնակցել ծրագրին։

«Առաջին տարին է, ինձ թվում է, առաջին տարում բոլորը չեն ապահովագրի, քանի որ էս տարի բոլորը տուժված են ու գումար չունեն։ Հետագա տարիների ընթացքում, եթե տեսնեն արդեն շարժը կա, մարդիկ ստանում են, արդեն կապահովագրեն։ Ես հուսով եմ, որ մեծ արդյունք կգրանցվի այս առումով», - ասաց Ասատրյանը։

Մարզի գլխավոր գյուղատնտեսից հետաքրքրվեցնք՝ եթե միայն հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններն են ապահովագրվում, հնարավո՞ր է կարտոֆիլ ու այլ բանջարաբոստանային կուլտուրաներ սկսեն քիչ մշակել:

«Մեր մարզում ցանվում է մոտ 45 հազար հեկտար հացահատիկ և ընդամենը 3 հազար հեկտար կարտոֆիլ, 1500 հեկտար բանջարեղեն, որպես գյուղատնտեսության վարչության պետ ես նայում եմ իմ մարզի ցանքային կառուցվածքին և իմ մարզի հողօգտագործողների շահերին, բնականաբար առաջին հերթին իմ ցանկությունը պետք է հայտնեմ, որ ամենաառաջնայինը պետք է ապահովագրվի հացահատիկը, որովհետև այդ 45 հազար հեկտարի մեջ մտնում են Շիրակի մարզի գրեթե բոլոր հողօգտագործողները», - պատասխանեց գյուղատնտեսը։

Ապահովագրական համակարգի փորձնական ծրագրի արդյունքից էլ կախված կլինի, թե հաջորդ տարի էլ ինչ նոր մշակաբույսեր կապահովագրվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG