Մատչելիության հղումներ

Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել բանակում մահվան դեպքերի կապակցությամբ


Կառավարությունում այսօր անդրադարձել են վերջին մեկուկես ամսվա ընթացքում բանակում արձանագրված տասնյակից ավելի մահվան դեպքերին` վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում։​

Անվտանգության խորհրդի քարտուղարի, Պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ու իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ մանրամասն խոսվել վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքների և պատճառների մասին:

Վարչապետ Փաշինյանն առաջնային է համարել բանակում քրեական ենթամշակույթի և կարգապահության հետ կապված առկա խնդիրների լուծումը և ընդգծել կարգապահության շեշտակի բարձրացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ։

Վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պարզաբանելով, որ «2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 զինծառայողների մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ։ Մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են»:

Գլխավոր շտաբից վստահեցնում են, որ յուրաքանչյուր դեպք համակողմանիորեն և խորությամբ ուսումնասիրվում է, քննվում է պատկան մարմինների կողմից, արվում են անհրաժեշտ հետևություններ և հնարավոր ամեն ինչ՝ բացթողումները շտկելու և հետագայում բացառելու համար:

Բանակում վերջին մեկուկես ամսվա ընթացում տեղի ունեցած դեպքերին նաև նախագահ Արմեն Սարգսյանն է անդրադարձել։ Տարածած հայտարությամբ նախագահը ցավակցում է զոհված զինծառայողների ընտանքիներին և հանդուրժողականության կոչ անում։

Իսկ մինչ այդ այսօր իրավապաշտպանները կառավարության առջև ակցիա էին կազմակերպել՝ հանդես գալով հայտարարությամբ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանց. - «Դատապարտում ենք բանակում զինվորների սպանությունների, ինքնասպանությունների շարունակական դեպքերը, դատապարտում ենք դրանց վերաբերյալ քաղաքական, իրավական գնահատականի բացակայությունը, լեգիտիմ իշխանության կրավորական կեցվածքը, արտարբերությունը և լռությունը։ Դատապարտում ենք գործի թերի բացահայտումը և կոծկումը»։

Իրավապաշտպաները պահանջում են հանդիպում վարչապետի ու պատկան գերատեսչությունների ղեկավարների հետ. - «Պահանջում ենք կառավարության առաջիկա նիստից անմիջապես հետո՝ 2020 թվականի փետրվարի 20-ին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ուժային կառույցների ղեկավարների հետ, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն, Գլխավոր դատախազ, Պաշտպանության նախարար, Ռազմական ոստիկանության պետ, Գլխավոր շտաբի պետ, Քննչական կոմիտեի ղեկավար, Հատուկ քննչական ծառայության պետ։ Այս բոլոր պաշտոնյաները պետք է բացատրություն տան, թե որն է պատճառը, որ մինչև այսօր որևէ հանցագործություն մինչև վերջ չի բացահայտվել»։

Կարապետյանցը համոզված է, որ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի իրական մեղավորների մեծ մասը չի բացահայտվել ու պատասխանատվություն կրել։

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը ևս մտահոգիչ է համարում վերջին մեկուկես ամսվա դեպքերը` դրանք աննախադեպ որակելով։

Զոհրաբյանը համոզված է, որ միայն օրենսդրական փոփոխությունները չեն կարող փոխել վիճակագրությունը։ Օրեր անց ուժի մեջ կմտնի Զոհրաբյանի հեղինակած օրենքը, որով խստացվել է ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը. - «Գործ ունենք մի ենթամշակույթի հետ, որը համալիր, ես, ցավոք, այսօր արդեն այդ բառը պիտի ասեմ՝ հեղափոխական բարեփոխումների կարիք ունի։ Որովհետև մենք ունենք սպաներ, որոնք մինչև հիմա կարծում են, թե իրենք դաշտային հրամանատարներ են՝ դաշտային հրամանատարների խաղի կանոններով։ Մենք ունենք նաև անհասկանալի մշակույթ՝ էդ դեդովշչինան, էդ պանյատկեքը, որ փողոցից փոխանցվում են բանակ»։

Վաղը խորհրդարանում հենց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները աշխատանքային փակ քննարկում կանցկացնեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։

XS
SM
MD
LG