Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճը, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի կարծիքով, ցույց տվեց երկու երկրների ղեկավարների տրամադրությունները և հնարավորություն տվեց ժողովուրդներին քիչ թե շատ հասկանալ՝ ինչ է այսքան ժամանակ քննարկվում փակ դռների հետևում։ Փորձը որակեց աննախադեպ, քանի որ չնայած տասնամյակներ կուտակված խնդիրներին՝ երկու երկրների ղեկավարները միջազգային հանրության առջև ուղիղ եթերի ռեժիմով կարողացան խոսել։
«Նաև կարծում եմ՝ անհրաժեշտ մեսիջներն ուղղված միջազգային հանրությանը հնչեցին: Նիկոլ Փաշինյանը կարողացավ շատ վարպետորեն չնայած այդ ամբողջ բուռն քննարկմանը, պատմության հարցերին և այլն, այնուամենայնիվ այն մեսիջները, որ պետք էր այդտեղ բարձրաձայնել, կարողացավ տալ», - ասաց նա:
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը միայն մեկ անգամ են պաշտոնապես բանակցել՝ անցած տարի մարտին Վիեննայում։ Կարճատև հանդիպումներ, շփումներ, սակայն, շատ են եղել: Մյունխենում կայացած 45 րոպեանոց քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահն ակնարկեց ռուսական առաջարկի մասին, նորից շեշտեց՝ հակամարտությունը պետք է փուլերով լուծել, ընդգծեց՝ ԼՂ կարգավիճակը չպետք է խանգարի կամ խաթարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի տեսակետից դրանք տարածքներ են, բայց Ղարաբաղի տեսակետից՝ անվտանգության գոտի։
Պատգամավոր Զոլյանի կարծիքով՝ Ալիևը մնաց այնտեղ, որտեղ էր դեռ 30 տարի առաջ, մինչդեռ Փաշինյանի ասելիքում հստակ առաջարկներ կային՝ առանց ԼՂ ներկայացուցչի հարցը չի կարող լուծվել, միակ ճանապարհը խաղաղությունն է. - «Բանավեճից շատ հստակ պետք է լինի հայկական կողմի դիրքորոշումը, և որ այդ, անունն ինչ էլ դնենք, Լավրովի պլան, թե ինչ-որ ուրիշ բան, դա իրականության հետ որևէ կապ չունի»:
Մյունխենյան բանավեճը, ըստ Զոլյանի, կարելի է դիտարկել նաև որպես «միկրոհեղափոխություն», ինչի մասին իր խոսքում մի քանի անգամ նաև նշեց Փաշինյանը։
«Այո, եթե նույնիսկ սա դրական քայլ է, սա շատ փոքր քայլ է, որովհետև մեծ քայլեր ուղղակի այս իրավիճակում հնարավոր չեն», - նկատեց պատգամավորը:
Երկու առաջնորդներն էլ պարտվեցին դեբատում, արտախորհրդարանական ուժերից Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է այս կարծիքին։ Վստահ է՝ Փաշինյանը ոչ միայն չպետք է մտներ Ալիևի գծած պատմական էքսկուրսի մեջ, այլև զրույցը պետք է տաներ դեպի հակամարտության էություն։
«Պատմական փաստարկումն ունի զրոյական արժեք, ավելին՝ նման փաստարկումը վնասում է այդ ղեկավարների իմիջին և նրանց ընկալմանը միջազգային հանրության կողմից: Ոչ մեկը չկարողացավ պարզ և հստակ ներկայացնել իրենց դիրքորոշումները, թե ինչպես են պատկերացնում կոնֆլիկտի լուծումը, իսկ կոնֆլիկտի լուծում պատկերացնելը նշանակում է փոխադարձ զիջումներ, ոչ թե միայն դու պնդես, ասես՝ այ մենք այս զիջումներն ենք ակնկալում», - գտնում է Զուրաբյանը:
Սեփական հանրությանը դուր գալու փոխարեն՝ երկրի նախագահները պետք է փորձեին սեփական շահերը պաշտպանել, ինչը, ըստ Զուրաբյանի, չստացվեց. ճիշտ լեզուն մարդու իրավունքներից խոսելն էր. - «Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները կատարել են բազմաթիվ հանցագործություններ, ռազմական հանցագործություններ, նրանց մարդու իրավունքները սիստեմատիկորեն խախտելու հանցագործություններ: Դա է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղն այլևս չի տեսնում իր տեղը միասնական պետության մեջ Ադրբեջանի հետ և ցանկանում է փրկության իրավունքով անջատվել: Սա հասկանալի լեզու է միջազգային իրավունքի համար: Դա չներկայացվեց»:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ այդուհանդերձ, գլխավոր մեսիջը տեղ հասավ. այն էր` Հայաստանն ու Արցախը չեն զիջելու իրենց անվտանգությունը։ Ըստ նրա՝ վարչապետն այսպիսով ամրապնդեց՝ Հայաստանը մերժում է «Մադրիդյան սկզբունքները» և այլ սկզբունքների շրջանակ տեսնում գործընթացում դիրքավորվելու համար։
«Եթե Ադրբեջանի համար, այո, «լավրովյան պլանը» շատ ավելի հարմար հարթակ է գործընթացում դիրքավորվելու համար, ապա Հայաստանի համար դա չափազանց վտանգավոր է, և ի վերջո «լավրովյան պլան» ասածը «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածի շրջանակում տեղավորված ինչ-որ բան է, իսկ Հայաստանի խնդիրը թավշյա հեղափոխությունից հետո այդ սկզբունքները մի կողմ դնելն է, և մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ փորձ է արվում գնալ դրան, և բանավեճը Մյունխենում դրա ևս մեկ արձանագրում էր, որովհետև վարչապետ Փաշինյանն արձանագրեց, որ Հայաստանը և Արցախը չեն կարող զիջել անվտանգությունը: Դա բավական երկար, համառ, դժվարին, բարդ դիրքային պայքար է ենթադրում, և այդ իմաստով բանավեճային ֆորմատը, որ մենք տեսանք, ինչ-որ առումով խորհրդանշում էր այն, որ մենք մեր դիրքերի համար պետք է երկարատև ռազմավարական մրցակցության պատրաստվենք Ադրբեջանի հետ, և միայն մեր ներքին կարողությունների և ամրության շնորհիվ կարող ենք այդ մրցակցության մեջ անընդհատ հաղթողի կամ առաջատարի դերում լինել», - ասաց Բադալյանը:
Մյունխենում Փաշինյանը խոսեց խաղաղության մասին, իսկ այս դիրքերից ելույթ ունենում է ուժեղը, քաղաքական մեկնաբան Բադալյանի գնահատականն է. - «Եվ այդ տեսանկյունից Հայաստանը դուրս է գալիս կամ մերժում է իրեն պարտադրված «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը, որի մասին սկսել էին խոսել 2017 թվականից, և որը նաև էլի «լավրովյան պլան» ասվածի տրամաբանության ներքո է: Այս առումով այս կարգի խոսակցությունը հայկական կողմի քաղաքական ուժը կապիտալիզացնելուն միտված խոսակցություն է, որովհետև դրան զուգահեռ մենք կարողանում ենք դնել Ադրբեջանի առաջ նշաձողեր և հանգամանքներ, որ նախկինում չեն դրվել, և ստեղծել նոր մթնոլորտ, նոր իրավիճակ կարգավորման գործընթացում: Ի վերջո, Մյունխենի բանավեճ-քննարկումն ինչ-որ իմաստով ցույց էր տալիս հենց այս տրանսֆորմացիան»:
Այդուհանդերձ, քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ մյունխենյան բանավեճի ձևաչափը հաջող չէր, ռազմաքաղաքական շոու էր, որից այսուհետև հրաժարվել է պետք. - «Թամաշաների մեջ մտնելու անհրաժեշտություն մենք չունենք, և իմ գնահատմամբ՝ առաջինից գուցե հրաժարվել պետք չէր, բայց հաջորդիվ պետք չէ նման ձևաչափերի տրվել, դա բացարձակապես Հայաստանի համար առնվազն որևէ բան ոչ տալու է, ոչ նշանակելու է»: