Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը կողմ է սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն կմասնակցի հանրաքվեին


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում Հայ ազգային կոնգրեսի համագումարին, արխիվ
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում Հայ ազգային կոնգրեսի համագումարին, արխիվ

Օրինակարգ Սահմանադրական դատարանի ձևավորումը դիտարկելով որպես ներկա քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման անհրաժեշտ հանգրվան՝ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) կողմ է Ազգային ժողովի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին: Այդ մասին ասված է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության այսօր տարածած հայտարարությունում։

«Ոչ օրինակարգ, հանցավոր ճանապարհով ձևավորված Սահմանադրական դատարանը հետհեղափոխական Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը և ներքին կայունությանը սպառնացող հիմնական գործոններից է։ Սպասարկելով սահմանադրական կարգի դեմ բազմաթիվ ոտնձգություններ կատարած նախկին ռեժիմի շահերը և խոչընդոտելով արդարադատության իրականացմանը, այն վերածվել է սահմանադրական օրինականությանը խանգարող և մշտական լարվածության աղբյուրի: Ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական դատարան կազմավորելու խնդիրը պետք է լուծվի: Առանց դրա անհնար է կառուցել ժողովրդավարական երկիր», - ասված է հայտարարությունում։

«Այդ նպատակի իրագործմանը միտված առաջիկա Հանրաքվեի օրինականության վերաբերյալ ծավալված բանավեճի առումով, այս փուլի համար մենք բավարար ենք համարում Ազգային ժողովի կողմից Հանրաքվե անցկացնելու մասին ընդունված որոշումը՝ հաստատված Նախագահի հրամանագրով: Ակնհայտ է, որ 2015թ․ լայնածավալ կեղծարարությամբ ժողովրդին պարտադրված գործող Սահմանադրության բազմաթիվ դրույթներ առաջացնում և մշտապես առաջացնելու են իրավական փակուղիներ և տեղիք են տալու հակասական մեկնաբանությունների։ Իսկ խնդրո առարկա հարցում տարընթերցումներին վերջակետ կդնեն Հայաստանի քաղաքացիները` Հանրաքվեի արդյունքներով: Իշխանության խնդիրը ազատ կամարտահայտության համար լիարժեք, անառարկելի պայմանների երաշխավորումն է», - հայտարարում է Հայ ազգային կոնգրեսը՝ ափսոսանք հայտնելով, որ «իշխանությունը չանսաց քաղաքական ուժերի և հասարակական գործիչների բազմաթիվ կոչերին և չլուծեց կարևոր այս խնդիրը ժամանակին` մեկ տարի առաջ»:

ՀԱԿ-ը նաև հիասթափություն է արտահայտում այն կապակցությամբ, որ «Հանրաքվեի օրակարգից դուրս մնաց ոչ պակաս կարևոր, սահմանադրական իրավունքին անմիջականորեն առնչվող մեկ այլ հարց. Սահմանադրության ցանկացած հոդվածի փոփոխություն Սահմանադրական դատարանի կողմից արգելափակելու անսահմանափակ իրավունքի` իրավագիտության տեսանկյունից անհիմն և անհեթեթ գործառույթի առկայությունը Սահմանադրության մեջ:» «Պատահական չէ, որ նման դրույթ բացակայել է 1995թ․ ընդունված Սահմանադրությունից ի վեր և առկա չէ ժողովրդավարական երկրների օրենսդրություններում», - նշված է հայտարարությունում։

Կուսակցությունը պնդում է, որ առաջարկվող փոփոխությամբ սոսկ լուծվում է սահմանադրական կարգին առնչվող մասնավոր խնդիր, «գործող Սահմանադրությունն օրինակարգ չէ և, պահպանվելու պարագայում, այն դեռևս բազմաթիվ փորձանքներ է բերելու մեր երկրի գլխին»։ «Ուստի վերահաստատում ենք, անկախության ձեռքբերումից ի վեր հաստատված կառավարման մոդելի հիմքով, ամբողջությամբ նոր Սահմանադրություն ընդունելու մեր պահանջը և հայտարարում, որ այդ խնդրի լուծումը առաջիկա ժամանակաշրջանի համար պետք է դառնա մեր պետության օրակարգի գլխավոր հարցը», - շեշտում է Հայ ազգային կոնգրեսը։

Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված է ապրիլի 5-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։ Նախագիծը չի վերաբերում միայն ՍԴ դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

XS
SM
MD
LG