Մատչելիության հղումներ

Վահագն Վերմիշյանը կալանավորվել է


Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյան, արխիվ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյան, արխիվ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն կալանավորվել է: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։

Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է անցած շաբաթ՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։ Շաբաթավերջին ԱԱԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Ըստ ԱԱԾ-ի՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

ԱԱԾ-ն հաղորդում է, որ նա իր մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ՍՊԸ և ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին և անհատներին գործարքներ կատարել այդ ընկերության հետ` միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:

«Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ», - փոխանցել էր ԱԱԾ-ն։

ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման էին ենթարկվել, նրանցից երեքը, այդ թվում՝ Վահագն Վերմիշյանը, ձերբակալվել էին, կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելիս խոստովանել է հանցագործության կատարումը, ասված էր փետրվարի 5-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG