Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու Ազգային ժողովի որոշումն ուղարկվել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Նախագահականից «Ազատությանը» հայտնեցին, որ նախագահն իր դիրքորոշումը կարտահայտի սահմանված ժամկետում։
Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում կողմ 88 և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը։
Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։
Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։