Մատչելիության հղումներ

Սոչիում շարունակվում են Ռուսաստանի և Բելառուսի նախագահների բանակցությունները


Ռուսաստանի պատվիրակության օդանավը վատ եղանակի պատճառով մի քանի ժամ ուշացումով է ժամանել։ Այս պահին ընթանում է բանակցությունների երկրորդ փուլը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչի էր ժամանել դեռ երեկ, սակայն պաշտոնական բանակցությունները սկսվել են այսօր։

Պուտին - Լուկաշենկո հանդիպմանը քննարկվում են ոչ միայն երկկողմ բարդ հարաբերությունների վերաբերող հարցեր, այլև, ինչպես Լուկաշենկոն է հայտարարել՝ հարցեր, որոնք վերաբերում են հետխորհրդային մյուս երկրներին։

Դաշնակից երկու պետությունների հարաբերություններում առավել սուր խնդիրը Բելառուսին ռուսական նավթի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի բացակայությունն է։ Անցյալ տարեվերջին համաձայնության գալու բոլոր փորձերը ձախողվեցին։ Հունվարին Բելառուսի նավթավերամշակման գործարաններն աշխատում էին միայն ներքին շուկայի համար։

Մի քանի օր առաջ Լուկաշենկոն Պուտինի հետ սպասվող բանակցություններն անվանել էր «ճշմարտության պահ»։

Անցած դեկտեմբերին Մոսկվան և Մինսկը չկարողացան լուծել էներգետիկ խնդիրները, ինչի հետևանքում տապալվեց նաև երկրների տնտեսական ինտեգրման պլանի ստորագրումը։ Ռուսական աղբյուրների տվյալներով, համաձայնեցված չէին էներգետիկային, մաքսային խնդիրներին, ներմուծվող ապրանքների ընդհանուր հարկման հետ կապված կետերը։ Բացի այդ, երկու երկրները չեն կարողացել համաձայնեցնել վերազգային մարմինների ստեղծման, միասնական արժույթի և այդ արժույթը թողարկող մեկ կենտրոնի հետ կապված հարցերը։

Էներգետիկ խնդրի լուծումը Մոսկվան կապում է ինտեգրման ամբողջ ծրագրի համաձայնեցման հետ։ Ռուսաստանի և Բելառուսի միջև միութենական պետություն ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել էր դեռևս 1999 թվականին, բայց այդ ժամանակից ի վեր այն գործնականում գոյություն չունի։

Այսօր Մոսկվան վճռական է տրամադրված, և առանց երաշխիքների, որ Մինսկը կկատարի ինտեգրման ծրագիրը, չի պատրաստվում զեղչով նավթ մատակարարել Բելառուսին։

Հարաբերությունները երկու երկրների միջև սրվել են հատկապես ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի Մինսկ կատարած այցից հետո։

Միութենական պետության մասին պայմանագիրը Մոսկվան օրակարգ հանեց 2018-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Վլադիմիր Պուտինը չորրորդ և վերջին անգամ ընտրվեց Ռուսաստանի նախագահ։

Ռուսաստանցի փորձագետները համարում են, որ միութենական պետության ղեկավարի պաշտոնի ստանձնումը 2024-ից հետո Պուտինի իշխանությունը երկարաձգելու հավանական սցենարներից մեկն է։

Բելառուսի նախագահը, սակայն, Մոսկվայի այս ծրագրին ընդդիմանում է և հայտարարում է, որ Բելառուսը ինքնիշխան պետություն է։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG