Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխության և ՍԴ-ին առնչվող օրենքների նախագծերն ընդգրկվել են ԱԺ-ի վաղվա արտահերթ նիստի օրակարգում


Ազգային ժողովի նիստերի դահլիճը, արխիվ
Ազգային ժողովի նիստերի դահլիճը, արխիվ

Ազգային ժողովում այսօր կայացել է խորհրդի արտահերթ նիստը, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքէջը:

Խորհուրդը համաձայնություն է տվել վաղը արտահերթ նիստ գումարել, օրակարգում ընդգրկվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին և երկրորդ ընթերցմամբ, ինչպես նաև Սահմանադրությունում առաջարկվող փոփոխության նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը:

Օրենքների նախագծերով առաջարկվում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուց կամ ԱԺ-ում ընդունելուց առաջ Սահմանադրական դատարան ներկայացնելը պարտադիր չհամարել, ինչպես նաև հնարավորություն տալ Ազգային ժողովի նախագահին անձամբ հրապարակել խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները՝ առանց նախագահի ստորագրման։

Սահմանադրությունում փոփոխություն կատարելու նախագծով իշխող մեծամասնությունն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և վեց անդամների պաշտոնավարումը, կից ներկայացված փաստաթղթերի թվում է նաև սահմանադրական փոփոխությունը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծը։

XS
SM
MD
LG