«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրն է Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։
Ստորև ձեզ ենք ներկայացնում զրույցից մի հատված.
«Ազատություն». – Ծանո՞թ եք Ազգային ժողովի առաջիկա արտահերթ նիստի օրակարգին, որ առաջարկվում է Սահմանադրությունը փոխել՝ շրջանցելով Սահմանադրական դատարանի վերահսկողական արգելքը։
Արծվիկ Մինասյան. – Այո, այսօր ծանոթացա։ Կարճ կասեմ՝ սա սահմանադրական կարգը տապալելու գործողություն է, որը նորից խորհուրդ չեմ տա։ Գործող Սահմանադրության համաձայն՝ ժողովրդի իշխանությունը իրականացվում է ընտրությունների, հանրաքվեների և սահմանադրական մարմինների միջոցով, պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա։ Հիմա էս երեք ինստիտուտները՝ օրենսդիր, գործադիր, դատական, սահմանադիրը և մեր օրենսդրությունը սահմանել է, թե որոնք են էն հակակշիռները, որոնք անհրաժեշտ են արդյունավետ աշխատանքի համար։ Սահմանադրության փոփոխությունները, որոնք երկու ճանապարհով այս նոր Սահմանադրությամբ կարող է իրականացվել՝ հանրաքվեով և Ազգային ժողովով, սահմանել է, որ Սահմանադրական դատարանն ունի այդ սահմանադրական փոփոխությունները Սահմանադրության համապատասխանության գնահատման լիազորություն։ Էս լիազորությունը կարող է փոխվել միայն հանրաքվեով։
Հիմա ի՞նչ է առաջարկում քաղաքական մեծամասնությունը, անտեսել էս լիազորությունը, ըստ էության, ոչնչացնել Սահմանադրական դատարանի դերակատարությունը Սահմանադրության գերակայությունն ապահովելու տեսակետից և միայն պառլամենտում մեծամասնության միջոցով իրականացնել սահմանադրական մեծ հաշվով հեղաշրջում։ Սա սահմանադրական կարգավորումների տեսակետից, իշխանությունների տարանջատման սկզբունքի տեսակետից խիստ հակացուցված է։ Սա ուզուրպացիայի ամենակարճ ճանապարհն է։
«Ազատություն». - Հիմա դրա պատասխանը՝ այդ Սահմանադրական դատարանն է, որ լեգիտիմ չէ, ժողովրդի իշխանությունը եղել է զավթված, ինչո՞ւ է Հրայր Թովմասյանն իրեն դրանից զատում, ասում՝ «չէ, ես Սերժ Սարգսյանի հետ կապ չունեմ»։
Արծվիկ Մինասյան. – Էդ գնահատականները լիրիկա են, ախր, հասկանո՞ւմ եք։
«Ազատություն». – Դա լեգիտի՞մ դատարան է։
Արծվիկ Մինասյան. – Իհարկե լեգիտիմ է, որովհետև հակառակ դեպքում, եթե լեգիտիմ չէր, էդ տրամաբանությամբ կառավարությունն ինչո՞ւ է դիմում Սահմանադրական դատարանին, ստանում եզրակացություններ, մտնում պառլամենտ՝ այս կամ այն միջազգային պայմանագրերը վավերացնելու տեսակետից։
Իսկ ո՞վ է գնահատել՝ Սահմանադրական դատարանը լեգիտի՞մ է, թե՞ լեգիտիմ չէ։ Եթե քաղաքական իշխանությունը պետք է դա գնահատի, առնվազն նշանակում է, որ քաղաքական շահարկման թեմա է սա դառնում։
«Ազատություն». – Իսկ այն, որ դատարանի հետևում են կանգնած նախկին իշխանությունը և քաղաքական ուժեր՝ Հանրապետականը, դուք, Ռոբերտ Քոչարյանը։
Արծվիկ Մինասյան. – Ի՞նչ է դա նշանակում, այսինքն՝ եթե մենք պաշտպանում ենք արդարադատությունը, մենք պաշտպանում ենք սահմանադրական կարգը, սա նշանակում է, որ անձերի՞ ենք պաշտպանում։ Եկել է մի վիճակ, երբ որ քո ցանկությանը համապատասխան դատարանների որոշումներ չեն կայացվում, ուրեմն գցել այդ հեղեղի տա՞կ, ինչի՞ համար։
«Ազատություն». – Դաշնակցության մասին, քանի որ վարչապետը վերջին ասուլիսում՝ Կապանում նորից անդրադարձավ ձեր կուսակցությանը՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանում ՀՅԴ-ի քաղաքական ապագան շատ մշուշոտ է։
Արծվիկ Մինասյան. – Վարչապետի խոսքն ու գործն իրար չեն համապատասխանում առնվազն գոնե էն մասով, ինչ վերաբերում է Դաշնակցությանը տրված գնահատականներին կամ Դաշնակցության նկատմամբ իր վերաբերմունքին։ Մի կողմից նա ասում է, որ Դաշնակցությունը որպես համահայկական կազմակերպություն հսկայական դեր ու նշանակություն ունի և հարգանքով է և այլն, մյուս կողմից՝ փորձում է Դաշնակցությունից կերտել իր պատկերացրած կերպարը, քաղաքական ուժը։
«Ազատություն». – Նկատի ունի հայաստանյան կառույցը։
Արծվիկ Մինասյան. – Կապ չունի, որովհետև Դաշնակցությունը մեկ ամբողջություն է։
«Ազատություն». – Ավելի վաղ՝ մոտ երկու ամիս առաջ էլ խորհրդարանում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի առիթով ասել էր, որ Դաշնակցությունը երկար տարիներ եղել է ապօրինի, կոռումպացված իշխանության հիմնասյուներից մեկը, այժմ քաղաքական զրո ազդեցություն ունի։ Հենց այս պատճառով չունեք Հայաստանում քաղաքական ապագա, որովհետև պատմության հետ չեք առերեսվել և վերնախավի գործունեությանը ձեր գնահատականը չեք տվել։
Արծվիկ Մինասյան. – Եթե հանցավոր ռեժիմի մաս էինք մենք կազմում և այլն, այդ դեպքում ինչի՞ էր համագործակցության առաջարկ անում, տրամաբանությունը ո՞րն է։ Սա բերում, հանգեցնում է մեկ բանի՝ րոպեական, վայրկյանական էդ իրավիճակից ելնելով գնահատականներ է հնչեցնում նա, որը որ իրականության հետ բացարձակ կապ չունի, միայն թե այդ պահին փորձ անի ինչ-որ մարդկանց բավարարի։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.