Մատչելիության հղումներ

Ըստ Ալեն Սիմոնյանի, ՍԴ հարցը կլուծվի առաջիկա 1-2 ամսվա ընթացքում


«Ինձ ժամկետ հայտնի չէ, բայց ես ենթադրում եմ, որ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում այդ թեման մեկընդմիշտ փակ կլինի», - Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ստեղծված խնդրի մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Հրայր Թովմասյանն ընդհանրապես պետք է Սահմանադրական դատարանի նախագահ չլիներ և դատավոր չլիներ, դա այլ խոսակցության թեմա է՝ կապված թե՛ վերջին իմ հայտարարությունների հետ, թե՛ իր ընտրվելու և թե՛ իր գործունեության և իր քաղաքական գործիչ հանդիսանալու հետ կապված։ Ես պնդում եմ, որ նա նույնիսկ այսօր նաև քաղաքական գործիչ է։ Ես պատասխանեցի միայն ժամկետների հետ կապված և ասացի, որ կարծեմ միայն առաջիկա 1-2 ամսվա մեջ հանգուցալուծումը բոլորի համար պարզ կլինի։

Սիմոնյանը նշեց՝ իրավական գործընթացների մասին է խոսքը, որտեղ լուծումներ են լինելու և «Սահմանադրական դատարանը ևս մի վայր, որը մնացել է հին աշխարհում, ազատվելու է և հայտնվելու է նոր Հայաստանում»։

Իսկ թե հնարավո՞ր է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կալանավորվի, Սիմոնյանը պատասխանեց՝ չի կարծում, որ դա կարելի է լուծում համարել։

«Երբ որ մատնանշում եք կալանավորում բառը, երևի ենթադրում եք այն քրեական գործը, որտեղ Հրայր Թովմասյանին մեղսագրվում է տարբեր նոտարական գրասենյակներ առուվաճառքով յուրացնելու և քրեական գործի մասով այլ նյութեր, էդ մասով չեմ կարծում, որ դա լուծում կլինի։ Դա Հրայր Թովմասյանի հետ կապված ինչ-որ հարց չի, սա կոնկրետ իր քաղաքականացված, իր ընտրության հետ կապված, ընտրվելու հետ կապված»։

Լրագրողների հարցին՝ եթե խնդիրը լուծվի 2-3 ամսվա ընթացքում, սահմանադրական բարեփոխումների կարիք կլինի՞, Ազգային ժողովի փոխխոսնակն արձագանքեց. «Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ բարեփոխումներով կլինի այդ հարցի լուծումը։ Ես կարծում եմ, որ շատ ավելի շուտ հնարավոր է շատ արագ լուծել, և ես վստահեցնում եմ, որ իրավական առումով այդ մեխանիզմները կան, և այդ մեխանիզմները կիրառվելու են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG