Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով արգելվել է Չինաստանց, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի տարածք` կորոնավիրուսի մուտքը կանխելու նպատակով: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE/ԿԱՀԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքերում հրապարակված տեղեկատվությունն է:
Արգելանքը կգործի մինչև ԿԱՀԿ-ի և ԱՀԿ-ի կողմից Չինաստանը կորոնավիրուսից ազատ ճանաչելու մասին պաշտոնական տեղեկատվության հրապարակումը:
Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի կանխելու համար Առողջապահության նախարարությունը հորդորել է միջազգային ուղևորություններ ծրագրելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, Չինաստանից վերադառնալու դեպքում այցելել բժշկական օգնության:
«Առողջապահության նախարարության մասնագետները կգործուղվեն ՀՀ պետական սահմանի անցման կետեր՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար», - ասված է ԱՆ-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արտակարգ իրավիճակ չհայտարարեց աշխարհում ՝ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված:
Անցած մեկ օրում նոր կորոնովիրուսից մահացածների թիվը 26-ից հասել է 41-ի, վարակվածներինը՝ 1300-ի: Ըստ լրատվամիջոցների, մահացածների թվում է մի բժիշկ Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից էլ սկիզբ է առել համաճարակը:
Նոր վիրուսը նաև աշխարհագրությունն է ընդլայնել՝ հիվանդացության դեպքեր են արձանագրվել նաև Ավստրալիայում, Մալայզիայում, Ֆրանսիայում իշխանությունները հաղորդում են ախտահարված երրորդ հիվանդի մասին:
Ավելի վաղ վարակի դեպքեր էին հայտնաբերվել Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թայլանդում, Սինգապուրում, Նեպալում ու Վիետնամում: