Մատչելիության հղումներ

Փաշինյանը պարտադիր սպանդանոցային մորթի որոշումը հետաձգեց մինչև հուլիսի մեկը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, Երևան, 22 հունվարի, 2020թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, Երևան, 22 հունվարի, 2020թ.

Պարտադիր սպանդանոցային մորթի որոշումը կհետաձգվի մինչև հուլիսի մեկը, եթե պայմանավորվենք, որ այս թեմային հուլիսի երկուսից սկսած չենք անդրադառնալու, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ:

Նա միաժամանակ ընդգծեց, որ որոշումը չի վերաբերելու երևանյան հանրախանութներին ու հանրային սննդի օբյեկտներին։ Անասնաբուժական 5-րդ ձևը պարտադիր կմնա մայրաքաղաքում:

«Ինչո՞ւ ենք մենք ասում՝ Երևանի սուպերմարկետներում և սննդի ցանցերում այսօրվա պահանջը պետք է գործի, որպեսզի մենք անարդար չգտնվենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր արդեն ներդրում են արել՝ հավատալով կառավարությանը և այդ սպանդանոցը ստեղծել են, այսինքն՝ որպեսզի նրանք պարապուրդի չմատնվեն», - ասաց նա:

Վարչապետ Փաշինյանը շեշտեց՝ սա երկրի վարկանիշի, ընդհանրապես քաղաքակրթական հարց է, միևնույն ժամանակ համարում է, որ բողոքողներն արդարացի են, չկա սպանդանոցների անհրաժեշտ քանակ, բայց ասաց՝ այդ քանակը չի ապահովվել, քանի որ կառավարությունն անընդհատ հետաձգել է պարտադիր սպանդանոցային մորթի ժամկետները:

«Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք 2 անգամ այդ հետաձգումն արել ենք: Մարդը փող է դնում, մեկ էլ մտածում է, ասում է՝ կարո՞ղ է այս սպանդանոցը կառուցեմ, փող ծախսեմ, հետո պարզվի, որ կառավարությունն այս կարգավորումը չեղյալ է անելու», - նկատեց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ կառավարությունը փետրվարի 6-ի նիստում կքննարկի սպանդանոցների կառուցման, անասունների տեղափոխման մեքենաների գնման համար արտոնյալ պայմաններ ստեղծելու հարցը, կօգնի ներդրողներին. - «Կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ, բացի դրանից կառավարությունը մարզպետարանների և Սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի նախընտրելի քարտեզ սպանդանոցներին, և կփորձենք առավել հասցեական ֆինանսավորել այն նախագծերը, որոնք այդ սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են»:

Կառավարությունը սպանդանոցների կառուցումը կխթանի պայմանով, որ մսավաճառ-ֆերմերները հուլիսից սկսած այլևս սպանդանոցային պարտադիր մորթի որոշումը քննարկման չդնեն. - «Ասֆալտի վրայից միս վաճառելը և այն հակահիգիենիկ պայմաններում միս վաճառելը պիտի բացառվի Հայաստանի Հանրապետությունում»:

Նա նաև կոլխոզը հաճախ հիշող ֆերմերներին հորդորեց միավորվել, կոոպերատիվներ ստեղծել, արտոնյալ պայմաններով վարկ ստանալ ու լուծել խնդիրները:

«Չի կարելի տեղում կանգնել ու հուսալ, որ լավ է լինելու: Պետք է քայլել, պետք է գնալ առաջ»:



XS
SM
MD
LG