Ագային ժողովի խմբակցություններն Արդարադատության նախարարությանն են ներկայացրել Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կազմում իրենց ներկայացուցիչներին։
«Իմ քայլին» կներկայացնի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ընդդիմադիր ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանն է, իսկ «Լուսավոր Հայաստանից»՝ Տարոն Սիմոնյանը: Հանձնաժողովում մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև 6 իրավաբան գիտնականներ և հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչ: Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 23-ն է. - «Բոլորի հայտերն անկողմնակալ ձևով դիտարկվելու են»:
«Իմ քայլը» խմբակցութնան ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է՝ ինքն այս պահին կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում, բայց վերջնական որոշողը լինելու է հանձնաժողովը։ Այս փոփոխություններով Նիկոլ Փաշինյանը կազատվի «սուպերվարչապետական կոստյումից», հարցին ի պատասխան Մակունցը վստահեցնում է՝ այն սուպերվարչապետությունը, որի մասին խոսում էր դեռ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն, այլևս չկա:
«Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով նկատի ուներ, օրինակ, կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով կամ ստիպողաբար ձևավորվող ՏԻՄ իշխանություններ: Օրինակ ես բերեցի: Ամենօրյա մակարդակով մենք փորձում ենք հնարավորինս բալանսավորել իշխանությունը և տալ բավականաչափ լիազորություններ ընդդիմությանը, ինչը և արվել է, օրինակ, նախորդ տարվա ընթացքում», - նկատեց Մակունցը:
ԲՀԿ-ից ասում են՝ խմբակցությունում քննարկում ունենալուց հետո նոր միայն կմանրամասնեն, թե ինչ օրակարգով են մասնակցելու մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներին: Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին հարցից հետո հիշեց 2015 թվականի փոփոխություններն ու նախկին իշխանությունների կողմից իրենց հանդեպ կիրառված ճնշումները՝ դրանց դեմ արտահայտվելու պատճառով:
«15 թվականին ինչ Ծառուկյանի, «Բարգավաճի» գլխին կատարվեց, հիմնական այս խնդիրն էր, որ կիսանախագահականը պետք է փոխվեր խորհրդարանական, որը ես առաջարկում էի, ասում էի, որ պատերազմող երկրում այդպիսի բան չպիտի լինի, և այդ բոլորը, ինչ կատարվեց իմ թիմի հետ, դա, ասենք թե, բոլորդ էլ գիտեք, որ միայն դեմ էի ես, և հիմնականում ոչ մի քաղաքական ուժ ինձ չպաշտպանեց, որ լիարժեք տեսնելով, իհարկե կալանավորվեցին 630 իմ ակտիվիստներից մեկ օրվա մեջ, որ ես նայելով ասացի՝ լավ, եթե այդպես է, ես կարող եմ քաղաքական էջը ծալեմ, խնդիր չկա, միայն թե բոլորին բաց թողեք», - շեշտեց Ծառուկյանը:
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշում է՝ իրենց համար սկզբունքային մոտեցում է խորհրդարանական կառավարման մոդելին համապատասխան գործիքակազմի սահմանումը:
«Որպեսզի հնարավոր չլինի խորհրդարանական հանրապետությունում իշխանության գերկենտրոնացումը գործադիր իշխանության ձեռքում», - նշեց նա:
Տարոն Սիմոնյանը Սահմանադրական դատարանում ճգնաժամ չի տեսնում, հետևաբար չի էլ կարող ասել՝ այս փոփոխությունների նախաձեռնությունն այդ ճգնաժամի լուծմանը միտված է, թե ոչ: Եթե իշխանությունները հանդես գան նախաձեռնությամբ, որն անձերի դեմ կլինի, իրենք միանշանակ դեմ կարտահայտվեն․ - «Ինչ վերաբերում է այն անձին, թե եթե ինստիտուցիոնալ փոփոխություններ տեղի ունենան, ու անձինք դուրս գան համակարգից, ապա մենք պետություն ենք կառուցում և նախ և առաջ պետք է հասկանանք, որ պետությունն ինստիտուտների շնորհիվ է, որ կայանում է: Եվ եթե ինչ-որ անձինք դուրս են գալու, ներս են մտնելու, ապա դա դրա հետևանքները կարող է լինել, որևէ դեպքում չպետք է վարանել, անձերով պայմանավորել պետականաշինությունը», ասաց նա:
Գագիկ Ծառուկյանը չի հստակեցնում՝ ինչպիսին կլինի իրենց դիրքորոշումը, եթե իշխանությունները որոշեն սահմանադրական փոփոխությունների ճանապարհով լուծել նաև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Եթե Հրայր Թովմասյանն ինչ-որ հանցանք է կատարել, խնդիր չկա, թող հանցանքը ներկայացնեն, մարդուն պատժեն օրենքի սահմանում, բայց ոչ թե քմահաճույքով կամ ցանկությամբ», - հայտարարեց նա:
Նկատենք, ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չնայած հերքել էր վարկածը, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են հենց Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելու համար, բայց և ասել էր՝ ինքն առաջիններից է եղել, ով խնդրի լուծումը տեսել է սահմանադրական փոփոխությունների ճանապարհով:
Այն բանից հետո, երբ արդարադատության նախարարը վարչապետի հաստատմանը կներկայացնի անհատական կազմի վերաբերյալ որոշման նախագիծը, կմերկնարկեն նաև հանձնաժողովի աշխատանքները: Հանձնaժողովը կորոշի հայեցակարգը, որից հետո կլինեն հանրային քննարկումներ: Դեռևս պարզ չէ, թե ով է լինելու հանձնաժողովի նախագահը։ Հանձնաժողովի 15 անդամներից ի պաշտոնե նշանակվում են միայն արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը և Մարդու իրավունքների պաշտպանը: Սահմանադրական դատարանի նախագահը հանձնաժողովի կազմում ներառված չէ: Դատական համակարգից ներկայացված կլինի դատավորների ընդհանուր ժողովի կողմից լիազորված մեկ անձ: