Մատչելիության հղումներ

Լիբիայի հարցով միջազգային համաժողովին ընդառաջ Էրդողանը դիմել է Եվրոպային


Լիբիայի հարցով այսօր Բեռլինում միջազգային համաժողով է անցկացվելու, որին ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Եվրոպային կոչ է արել աջակցել Թուրքիայի ռազմական ջանքերին Լիբիայում, եթե ցանկանում են այդ երկրում վերջ տալ հակամարտությանը:

«Politico» կայքում այսօր տեղադրված իր հոդվածում Էրդողանը գրել է, թե հաշվի առնելով, որ Եվրոպան Լիբիային ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ հետաքրքրված չէ, ակնհայտ ընտրությունը Թուրքիային աջակցելն է, որն արդեն խոստացել է ռազմական օգնություն տրամադրել Լիբիայի կառավարությանը:

Լիբիա զորքեր ուղարկելու Անկարայի որոշման մասին Էրդողանն ասել է. «Մենք վարժեցնելու ենք Լիբիայի անվտանգության ուժերին և նրանց օգնելու պայքարելու ահաբեկչության, մարդկային թրաֆիքինգի և միջազգային անվտանգության այլ լուրջ սպառնալիքների դեմ»:

Մինչդեռ Լիբիայում ուրբաթ օրը հակադիր կողմերում՝ մայրաքաղաք Տրիպոլիում և արևելյան շրջանի կենտրոն Բենգազիում բողոքի ցույցեր են տեղի ունեցել Բեռլինի համաժողովի դեմ:

Գեներալ Խալիֆա Հաֆթարի վերահսկողության տակ գտնվող Բենգազիում ցուցարարները դեմ են Թուրքիայի միջամտությանը, նրանք Բեռլինի համաժողովից ակնկալիքներ չունեն:

Տրիպոլիի ցուցարարները բողոքել են, որ միջազգայնորեն ճանաչված կառավարությունը համաձայնել է հանդիպել գեներալին, որի զորքերի հարձակումների հետևանքով կառավարության պաշտպաններ են զոհվել: Նրանք հայտարարել են, թե նման բանակցությունները դավաճանություն է ռազմական գործողություններում զոհվածների հանդեպ:

Ակնկալվում է, որ Բեռլինի համաժողովում, որպես խաղաղության առաջին քայլ, միջազգային հանրությունը հակամարտ կողմերին կփորձի համոզել հրադադար հայտարարել ու համաձայնել մոնիթորինգ իրականացնել:

Բեռլինի համաժողովին մասնակցելու են նաև Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ ալ-Սարաջը ու նրա հակառակորդ գեներալ Խալիֆա Հավթարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG